Home / Տեսանյութեր / Հայաստանը կորցրեց ԵՄ ազատ առևտրի գոտուն միանալու շանսը. Լիտվայի ԱԳ նախարար

Հայաստանը կորցրեց ԵՄ ազատ առևտրի գոտուն միանալու շանսը. Լիտվայի ԱԳ նախարար

Անդամակցելով Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությանը` Հայաստանը կորցրեց իր հնարավորությունը միանալ Եվրամիության ազատ առևտրի գոտուն` հայտարարել է Եվրամիությունում նախագահող երկրի` Լիտվայի արտգործնախարարը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Վերջինս նշել է, որ Եվրամիությունը հարգում է Սերժ Սարգսյանի կողմից Մոսկվայում բարձրաձայնված որոշումը, բայց և ընդգծել, որ սեղանին դրված «երկու համակարգերը անհամատեղելի են»:

«Մենք հարգում ենք պետությունների կողմից ընդունված ցանկացած որոշում, բայց նրանք չեն կարող միաժամանակ մտնել երկու կառույցներ, քանի որ դրանք միմյանցից տարբերվող մաքսային պահանջներ ունեն», – «Ֆրանսպրես» գործակալությանն ասել է ԵՄ նախագահող երկրի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսը:

Արևմտյան գործակալությունը փաստում է, որ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի առաջնորդը հայտարարել է, թե «ինքը որոշել է միանալ 2010 թվականին ստեղծված Մաքսային միությանը, որի անդամ են այժմ Բելառուսն ու Ղազախստանը»:

«Պուտինի տեսլականի համաձայն` Ռուսաստանի նախաձեռնած այս Մաքսային միությունը դառնալու է Եվրասիական տնտեսական միության հիմնաքարը` միասնական արժույթով ու սեփական գործադիր մարմնով», – նշում է «Ֆրանսպրես»-ը:

Եվրամիությունում նախագահող Լիտվայից բացի, երեքշաբթի օրը առանձին հայտարարություն են տարածել նաև եվրոպական ընտանիքի անդամ յոթ արտգործնախարարներ բալթյան և սկանդինավյան երկրներից` զգուշացնելով ետխորհրդային երկրների նկատմամբ Ռուսաստանի ճնշումների մասին:

«Անընդունելի է ցանկացած տնտեսական սպառնալիք կամ քաղաքական ճնշում, որն ուղղվում է Եվրամիության Արևելյան գործընկերների դեմ` նրանց եվրոպական նկրտումների և ծրագրերի պատճառով», – հայտարարել են ԵՄ յոթ երկրների արտգործնախարարները: