Որքան երկար Սերժ Սարգսյանը մնա Հայաստանի իշխանության ղեկին, այնքան արագ Ադրբեջանը կվերադարձնի Ղարաբաղը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարկադրված տեղահանվածների ընտանիքների համար կառուցված թաղամասին ծանոթանալու ժամանակ: Ավելի վաղ Ալիևի թեկնածության օգտին էր խոսել նրա հայաստանցի գործընկերը:
Ադրբեջանի առաջնորդը, մասնավորապես, Ղարաբաղը վերադարձնելու վերաբերյալ իր վստահությունը բացատրել է նրանով, որ «Հայաստանն արդեն խոստովանել է, որ չի կարող իր անվտանգությունն ապահովել սեփական ուժերով, ու վերջին իրադարձությունները դրա վառ ապացույցն են»: Հավանաբար, նա նկատի է ունեցել պաշտոնական Երևանի` Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանն անդամագրվելու մտադրությունը:
Բացի այդ, Իլհամ Ալիևը հայտարարել է ժողովրդագրական գործոնի ու հակամարտող երկրների միջև ուժերի հավասարակշռության համատեքստում շրջափակման մասին. «Ադրբեջանի բնակչությունը կազմում է ավելի քան 9 միլիոն 400 հազար մարդ: Իսկ ահա Հայաստանում բնակչության թիվը երկու միլիոնից էլ պակաս է (պաշտոնական տվյալներով` 3,2 միլիոն – խմբ.): Որքան երկար Հայաստանի իշխանության ղեկին մնան ներկայիս ղեկավարությունն ու նախագահ Սերժ Սարգսյանը, այնքան արագ մենք կկարողանանք վերադարձնել մեր հողերը: Քանի որ այդ մարդն ու իր շրջապատը Հայաստանը դեպի անդունդն են տանում: Համաձայն նրանց սեփական պաշտոնական վիճակագրության` ամեն տարի 80 հազար հայ լքում է երկիրը: Եթե այդպես գնա, ապա 5-6 տարի հետո Հայաստանում մնալու է մեկ միլիոնից էլ պակաս մարդ: Այժմ շփման գծում մեր դիրքերը պաշտպանվում են, բայց այնտեղ կանգնած են զինվորներ, շփման գծի հայկական կողմը պահպանող կենդանի ուժ չկա: Կան դատարկ տեղեր: Միևնույն ժամանակ, մենք Հայաստանին որոշակի մեկուսացման մեջ ենք պահում: Դա ամբողջական մեկուսացում չէ, քանի որ նրանք բաց սահմաններ ունեն մյուս հարևանների հետ, բայց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանների փակ լինելը լուրջ տնտեսական հարված է նրանց համար»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին, Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների մասին խոսելիս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Որպես հարևան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետևյալն է՝ մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր: Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց այնուհանդերձ բավական ճանապարհ ենք անցել, և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ՝ մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է»: