4 օր ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին նստացույց անցկացրած Խուդոյանների ընտանիքն այսօր որոշում է կայացրել կարճ ժամանակով լքել ակցիայի վայրը՝ վերադառնալու մտադրությամբ:
Ընտանիքի հայրը՝ Աշոտ Խուդոյանը, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ որոշման պատճառը 4 մանկահասակ երեխաներից 2-ի հիվանդ լինելու փաստն է: Խուդոյանը որոշել է կնոջն ու երեխաներին տանել իրենց բնակավայր՝ Էջմիածին, և երեխաների ապաքինվելուց հետո վերադառնալ՝ նստացույցը շարունակելու համար:
Հիշեցնենք, որ Խուդոյանը պնդում է, թե պապական կտակը կեղծվել է, որի հետևանքով ինքը կարող է զրկվել իր տան մի մասից: Նա արդար քննություն է պահանջում:
Աշոտ Խուդոյանը նաև տեղեկացրել է, որ քրեական գործը Էջմիածնից տեղափոխվել է Արմավիր. Ինչպես նրանց բացատրել են քննչական մարմնի ներկայացուցիչները, դա արվել է առավել մեծ օբյեկտիվություն ապահովելու համար:
Երկուշաբթի Խուդոյանը պետք է կրկին հարցաքննվի, թեև նա պնդում է, որ ամեն ինչ արդեն ասել է, ու վստահ է, որ բոլոր փաստերը հաշվի առնելու դեպքում կեղծիքն ակնհայտ կդառնա: