Ոչ Բաքուն, ոչ Երևանն այսօր պատրաստ չեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բայց եթե Ադրբեջանին առաջարկեն, որ բոլոր ղարաբաղցիները կարտաքսվեն ու Ղարաբաղը կազատվի, իսկ ադրբեջանցիները կմտնեն այդ հողեր, Բաքվում կհամաձայնեն: Իր հերթին, եթե Հայաստանին առաջարկեն հռչակել Ղարաբաղի անկախությունն ու Ադրբեջանը այն ճանաչի, Երևանում կհամաձայնեն: Այս մասին «Վեստնիկ Կավկազա»-ի («Вестник Кавказа») հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ իրական կարգավորումը նշանակում է, որ երկու կողմերն էլ պետք է զիջումների գնան, ինչը պարտադիր կորուստների կբերի: Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանն ու Հայաստանն այսօր պատրաստ չեն այն մակարդակի կորուստներին, որ ստիպված կլինեն կրել: Հետևաբար, կարգավորումն այսօրվա դրությամբ հավանական չի թվում: Հակամարտությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի հաջողվել ներկայիս իրավիճակին այլընտրանք առաջարկել:
«Ներկայիս դրությամբ Ղարաբաղի քաղաքացիների համար երաշխիք է բանակն ու սահմանների կազմաձևումը: Դրանց փոխարեն ինչ-որ բան առաջարկելու համար պետք է անվտանգության այլ երաշխիքներ ունենալ: Քանի դեռ դրանք չկան, չկա նաև կարգավորում»,- ասել է Իսկանդարյանը:
«ՎԿ». Հնարավո՞ր է իրավիճակ, որ Ադրբեջանը Ղարաբաղը թողնի Հայաստանին: Օրինակ, 1990-ականներին քննարկվում էր «Մեղրիի փոխատեղումը»՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հողերի դիմաց տալիս է Մեղրիի շրջանը:
Իսկանդարյան. Լեռնային Ղարաբաղը փափուկ խաղալիք չէ, որը կարելի է փոխանակել: Այն չես կարող վերցնել, տալ, խլել: Այս բոլոր բայերը Ղարաբաղը դարձնում են իր: Ղարաբաղը, սակայն, իր չէ, այն սուբյեկտ է: Իրավապես ճանաչված է, թե ոչ, դա այլ հարց է: Ես քաղաքագետ եմ, իրավաբան չեմ: Բայց քաղաքական տեսանկյունից խոսելիս, չի կարելի հաշվի չառնել այնտեղ բնակվող մարդկանց շահերը, ովքեր արդեն ավելի քան 20 տարի կառավարման ու տնտեսության իրենց մեթոդներն ունեն, բոլոր հաստատություններն ու մեխանիզմները՝ սկսած ճանապարհներից, մինչև կոյուղու համակարգեր ու խորհրդարան, նախագահական ընտրություններ ու քաղաքական կուսակցություններ:
Ադրբեջանի կողմից կատարյալ դիրքորոշում կլիներ, իմ կարծիքով, այդ մարդկանց ինչ-որ կերպ գրավելու փորձը, այլ ոչ թե նրանց վախեցնելը, թե վաղը կզինվենք, զենք կգնենք, պատերազմ կսկսենք ու տարածքը կխլենք, քանի որ այն մերն է: Այսպիսի համատեքստում այս մարդիկ ուղղակի գոյություն չունեն: Հայաստանը սա չի կարող հաշվի չառնել:
Ամենավառ օրինակը 1998-ին Տեր-Պետրոսյանի հրաժարականն էր: Բավականին հին օրինակ է, բայց այն ցույց է տալիս, թե ինչ է լինում, եթե հանկարծ Հայաստանի նախագահն ինչ-որ տարբերակներ է առաջարկում, որոնք ձեռնտու չեն Ղարաբաղին: