Home / Հայաստան / Խանութը քանդել են, թեև գործը դեռ դատարանի վարույթում է

Խանութը քանդել են, թեև գործը դեռ դատարանի վարույթում է

Բագրատունյաց 22Ա շենքին կից գտնվող տաղավարը, որը պատկանում էր Նինա Գալստյանին և Հովհաննես Հովհաննիսյանին, այսօր ԴԱՀԿ որոշմամբ քանդվել է, ըստ սեփականատերերի՝ անօրինական կերպով: Այս մասին  Epress.am-ի հետ զրույցում ասել է Գալստյանի պաշտպան Կիմա Սարյանը: Նրա խոսքով՝ տաղավարը, որը որպես հացի խանութ էր ծառայում, չէր կարելի քանդել հիմա, քանի որ դրա հետ կապված վեճը դեռ գտնվում էր վարչական դատարանի վարույթում: Դատարանում կողմը  բողոքարկել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումը, որով կառույցը համարվել էր անօրինական: Տաղավարը քանդելու մասին ԴԱՀԿ-ի որոշումը կողմը նույնպես բողոքարկել էր, և այդ հարցը ևս դեռ վարույթում էր՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:  

«Հովհաննես Հովհաննիսյանը, նույնիսկ տեղեկացված չի եղել, որ շենքը պետք է քանդվի»,- ասել է Սարյանը:

Ըստ գործի նյութերի՝ խանութի հարևանությամբ գործող մթերային խանութի սեփականատեր Ամիրամ Մանուկյանը դիմել է հողատարածքը սեփականաշնորհելու համար և ստացել է քաղաքապետարանի հավանությունը, թեև այս ընթացքում հացի խանութի սեփականատերերը վարձակալել են տարածքը:

Նշենք, որ ԴԱՀԿ-ի աշխատաիցները հրաժարվել են որևէ բացատրություն տալ, երբ Epress.am-ի թղթակիցն այցելել է տարածք: Հարևան խանութի և տարածքի ներկայիս սեփականատերը ևս հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը՝ նշելով, որ ինքը սեփականաշնորհել է տարածքը օրենքի սահմաններում: