Այս տարի աշնանային զորակոչը ուշանալու է Կրթության և գիտության նախարարության խնդրանքով: Պատճառը նախարարության կողմից անցկացվող կրթական բարեփոխումներն են: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«ԿԳՆ-ի խնդրանքով ուշացել էր նաև գարնանային զորակոչը, ու մյուս զորակոչի հետ համամասնությունը պահելու համար անցած անգամվա համեմատությամբ այս անգամ քիչ ենք երկարաձգելու: Զորակոչը կմեկնարկի դեկտեմբեր-հունվար ամիսներին», – ասել է Հովհաննիսյանը:
Նա նշել է, թե շատ սովորական գործընթաց է ու որևէ մտահոգության առիթ հանդիսանալ չի կարող՝ «ոմանք կծառայեն մի տաս օր ավել, ոմանք՝ 20 օր, ոմանք էլ՝ ոչ մի օր ավել»:
Հարցին՝ միգուցե դա կապված է նորակոչիկների պակասի հետ, Հովհաննիսյանը բացասական պատասխան է տվել՝ նշելով, որ նախորդ զորակոչը կատարվել է 110 տոկոսով:
Epress.am-ը խնդրի շուրջ զրուցել է ԿԳ նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանի հետ, ով նշել է, թե կրթական բարեփոխումների շրջանակներում անցկացնում են միասնական քննություններ՝ «ավարտողնրը ու ընդունվողները միաժամանակ են քննություններ հանձնում»:
«Կարգով նախատեսված առաջին փուլը սկսվում է հունիսի 1-ից և երկրորդ փուլը ավարտվում հուլիսին 15-ին: Աշակերտը, ով սովորում է դպրոցում, չի զորակոչվում, քանի դեռ չի ստացել ավարտական վկայականը: Հետևաբար զորակոչը սկսվելու է հուլիսի 16-ից, երբ արդեն բուհերը ըստ կարգի հրապարակում են, թե ովքեր են ընդունվել անվճար՝ տերկետման իրավունքով և ովքեր են ընդունվել վճարովի՝ առանց տարկետման իրավունքի», – ասել է մեր զրուցակիցը:
Նա նշել է, թե դրանից հետո է միայն պարզ դառնում՝ ովքեր են զորակոչվելու:
«Այդ իսկ պատճառով մոտ 2 ամիս զորակոչը հետ է ընկնում, իսկ քանի որ գարնանայինը արդեն ուշացել էր, ենթադրաբար կուշանա մինչև դեկտեմբեր: Հավանաբար, մշտապես այսպես է լինելու, որովհետև 12 ամյա կրթությանն անցնելու պատճառով աշակերտների հիմնական մասը 18 տարեկանում է ավարտում: Եթե ծննդյան օրը լրանում է ասենք մարտին կամ ապրիլին, չի զորակոչվում, մինչև չավարտի», – եզրափակել է Բաղդասարյանը: