Հունվարի 1-ից կբարձրանան միայն ուժային կառույցների աշխատողների աշխատավարձերը, իսկ պետական համակարգում այլ աշխատողների աշխատավարձերի բարձրացումը կարվի 2014 թվականի հուլիսին: Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը` պատասխանելով ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին` ինչու աշխատավարձների բարձրացումը չի կատարվում 2014 թվականի սկզբից, ինչպես խոստացել էր նախագահը:
«Ինչո՞ւ նախագահը հայտարարց մեկ բան, հիմա այլ բան եք ասում: Մեջբերում եմ` «վստահորեն կարող եմ ասել, որ 2014 թվականի հունվարի մեկից օրինակ, նախարարության գլխավոր մասնագետը ստանալու է 200-250 հազար դրամ աշխատավարձ, բաժնի պետը `280-300 հազար դրամ»: Հիմա ասում եք, թե աշխատավարձները ավելանալու են միայն հուլիսից: Նման հակասություն չէի ցանկանա, որ լիներ»,- ասել է Աղվան Վարդանյանը:
Վաչե Գաբրիելյանը պատասխանել է, թե անմիջապես սրընթաց բարձրացումը կարող է որոշակի խնդիրներ ստեղծել տնտեսավարող սուբյեկտների համար, և ոչ միայն բյուջետային առումով: