Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ակումբը՝ Դորտմունդի «Բորուսիան», հոկտեմբերի 1-ին իր առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշրջանում:
Դորտմունդցիները սեփական հարկի տակ 3:0 հաշվով պարտության մատնեցին Մարսելի «Օլիմպիկին»: Առաջին խաղակեսում քիչ թե շատ հավասար պայքար էր ընթանում, սակայն Մխիթարյանի թիմը կարողացավ իր փոքր առավելությունը գոլի վերածել: Սրընթաց հակագրոհը, որը սեփական կիսադաշտում սկսվեց Մխիթարյանը, ավարտվեց Ռոբերտ Լևանդովսկու մոտ տարածությունից հարվածով:
Երկրորդ խաղակեսին Դորտմունդն էլ ավելի մեծ առավելություն ուներ: 52-րդ րոպեին Մարկո Ռոյսը, իսկ 79-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին 11-մետրանոցից ամրագրեցին հաղթական հաշիվը՝ 3:0:
Մխիթարյանը բավական լավ հանդիպում անցկացրեց՝ մասնակցելով թե՛ իր թիմի գրոհներին, թե՛ պաշտպանողական գործողություններին: 90 րոպեի ընթացքում նա 11 կմ տարածություն անցավ, նրա փոխանցումների ճշգրտությունը 84 տոկոս կազմեց, ինչը պատկառելի արդյունք է Չեմպիոնների Լիգայի հանդիպումների համար:
«Օլիմպիկի» նկատմամբ տարած վստահ հաղթանակից հետո «Բորուսիային» լուրջ փորձություն է սպասում. հաջորդ երկու տուրերում թիմը հանդիպելու է Լոնդոնի «Արսենալի» հետ: Վերջինս հոկտեմբերի 1-ին իր երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ այս անգամ պարտության մատնելով իտալական «Նապոլիին»: Լոնդոնցիները հանդիպման ելքը վճռեցին արդեն մեկնարկին, երբ երկու գեղեցիկ գրոհները ավարտեցին նախ Մեսութ Օզիլը, ապա Օլիվյե Ժիրուն:
E խմբում անգլիական «Չելսին» մրցակցի հարկի տակ սպասելիորեն հաղթեց ռումինական «Ստյաուային», իսկ գերմանական «Շալկե 04»-ը նույնպես դրսում 1:0 հաշվով պարտության մատնեց շվեյցարական «Բազելին»:
G խմբում իսպանական «Ատլետիկոն» երկրորդ հաղթանակը տարավ՝ մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով պարտության մատնելով պորտուգալական «Պորտուին», իսկ ռուսաստանյան «Զենիթը» Սանկտ Պետերբուրգում չկարողացավ կոտրել ավստրիական «Աուստրիայի» դիմադրությունը՝ 0:0:
H խմբում «Բարսելոնան» առանց Մեսսիի, ով վնասվածք ունի, Շոտլանդիայում հաղթեց «Սելթիկին» նվազագույն 1:0 հաշվով, իսկ հոլանդական «Այաքսն» ու իտալական «Միլանը» ոչ-ոքի խաղացին՝ 1:1: