ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան այսօր ԵԽ շենք է մտել հետնամուտքով՝ շենքի մոտ հավաքված 500 ոստիկանների ստեղծած պատնեշի հետևով, և հավանաբար հետնամուտքով էլ կհեռանա: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է քաղբանտարկյալ, 2008 թվականի «Մարտի 1-ի» դեպքերի մասնակից և Ֆրանսիայում քաղաքական ապաստան ստացած Գևորգ Մանուկյանը:
«Նախագահի աթոռը գողացած Սերժ Սարգսյանն ինչպես որդեգրել էր իր քաղաքականությունը, այնպես էլ շարունակում է: Նույնիսկ Ֆրանսիայում` այս ապահով եվրոպական երկրում, հենց Եվրախորհրդի մոտ ոստիկանների մեջքի հետևով է շենք մտել: Ինչպե՞ս կարող է մինչեւ ականջները կրիմինալի մեջ թաթախված ինչ-որ մեկը համարձակվի գալ և մեր հարցերին պատասխանել», -ասել է Մանուկյանը:
Նրա խոսքով՝ ժամը 16:50-ի դրությամբ ԵԽ-ի շենքի դիմաց արտակարգ դրությունը շարունակվել է:
«Ես ոստիկաններից մեկից հարցրի` ի՞նչն է արտակարգ դրության պատճառը, ասաց, որ Հայաստանի նախագահի անվտանգությունն ենք պաշտպանում: Ես էլ ասացի, արդեն մի քանի օր է` այստեղ նստած ենք, ոչ մի անկարգություն չենք արել, ասաց` հա բայց ինքն էլ այնքան հանցագործություն է արել, որ վախենում ենք մի բան անեք», – նշել է նախկին քաղբանտարկյալը:
Վերջինս ընդգծել է, թե սպասելու է, որ Սերժ Սարգսյանը ԵԽ շենքից դուրս գալուց հետո մոտենա իրեն, հակառակ դեպքում կփոխի պայքարի մարտավարությունը և մինչև Սարգսյանի հաջորդ Ֆրանսիա գնալը կշարունակի հացադուլը:
«Քիչ առաջ տեղեկություններ եմ ստացել, որ որոշ հայեր հրաժարվել են ակցիային մասնակցել, որովհետեւ սպառնալիքներ են ստացել Ֆրանսիայում ավելի վաղ բնակություն հաստատած ապահով խավի որոշ ներկայացուցիչներից: Ովքեր պատրաստվում էին գալ ակցիային, զանգել ասել են` ձեզ վնաս կտանք, եսիմ ինչ կանենք: Հայը հային է սպառնացել: Սերժ Սարգսյանի մանկլավիկներից են եղել սպառնացողները, ու մարդիկ ահաբեկված չեն եկել ակցիայի», – եզրափակել է Մանուկյանը:
Լուսանկարը՝ iLur.am-ի