«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր կմեկնարկի միջազգային կարգի մարզիկ, կրթահամալիրի բասկետբոլի թիմի մարզիչ, 42 տարեկանում կյանքից հեռացած Վահան Ասատրյանի հիշատակին նվիրված բասկետբոլի պատանեկան հուշամրցաշար` «Վահան Ասատրյան և սաներ» խորագրի ներքո:
Վ. Ասատրյանը ՀՀ բազմակի չեմպիոն էր, սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար, 1996 թ.-ին ճանաչվել է նաև Եվրոպայի լավագույն մրցավար: 1990-ից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բասկետբոլի ավագ մարզիչ էր, 2005 թ-ից` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոս:
Ինչպես հայտնում են կրթահամալիրից, մրցաշարին կմասնակցեն՝
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Վահան Ասատրյան և սաներ» թիմը, Կենտրոն համայնքի բասկետբոլի հավաքականը, Մալաթիա-Սեբաստիա համայնքի հավաքականը և Արաբկիրի թիվ 1 մարզադպրոցը:
16:00-ին կրթահամալիրի Մարմարյա սրահում կայանալու է մրցաշարի հանդիսավոր բացումը և Վահան Ասատրյանի մասին ֆիլմի դիտումը:
16:30 Առաջին խաղի սկիզբ՝ «Վահան Ասատրյան և սաներ» – Կենտրոն համայնքի բասկետբոլի հավաքական
17:30 Երկրորդ խաղի սկիզբ՝ Արաբկիրի թիվ 1 մարզադպրոց – Մալաթիա-Սեբաստիա համայնքի հավաքական
Եզրափակիչ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 4-ին: