2013 թվականի սեպտեմբերին Երևանում հուշարձան են կանգնեցրել Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին, ով 2004 թվականին Բուդապեշտում դաժանաբար սպանվել էր ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից: Այս իրադարձության հետ կապված՝ առաջարկում եմ հուշարձաններ կանգնեցնել նաև հետևյալ մարդկանց հիշատակին.
Զարուհի Պետրոսյան ու ընտանեկան բռնության այլ անմեղ զոհեր
20-ամյա Զարուհի Պետրոսյանը մահացել է ամուսնու ու սկեսրոջ կողմից պարբերաբար ծեծի ենթարկվելու հետևանքով: 2010 թվականի հոկտեմբերի 1-ին ամուսինն ու նրա մայրը հերթական անգամ դաժան ծեծի էին ենթարկել Զարուհուն, կոտրել նրա մատները, այնուհետև հրելով վայր գցել աստիճաններից՝ դեպքը ներկայացնելով որպես դժբախտ պատահար:
Լևոն Ղուլյան
Լևոն Ղուլյանը մահացել է 2007 թվականի մայիսին՝ ոստիկանական բաժանմունքում հարցաքննությունից հետո: Ըստ պաշտոնական վարկածի՝ նա մահացել է փախուստի փորձ կատարելու ժամանակ՝ դուրս նետվելով ոստիկանության շենքի երկրորդ հարկի պատուհանից: Ղուլյանի հարազատներն ու իրավապաշտպանները, սակայն, ապացույցներ են ներկայացնում, որ նրան ստորացրել ու դաժան խոշտանգումների են ենթարկել ոստիկանական բաժանմունքում:
Վահան Խալաֆյան ու ոստիկանության անօրինականության այլ զոհեր
24-ամյա Վահանը բերման էր ենթարկվել Չարենցավան քաղաքի ոստիկանական բաժանմունք՝ գողություն կատարելու կասկածանքով: 2010 թվականի ապրիլին նա ենթարկվել էր դաժան ծեծի ու մահացել: Սկզբնական շրջանում հետաքննությունը պնդում էր, որ կասկածյալը ինչ-որ կերպ դանակ էր հայթայթել, ինքն իրեն խոշտանգել ու դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել: Նույն տարվա նոյեմբերին ոստիկանության երկու աշխատակիցներ դատապարտվեցին՝ Խալաֆյանին բռնության միջոցով ինքնասպանության հասցնելու մեղադրանքով:
Արտակ Նազարյան
Լեյտենանտ Արտակ Նազարյանը 2010 թվականի հուլիսի 27-ին դաժան ծեծի էր ենթարկվել ու գնդակահարվել Տավուշի մարզի զորամասերից մեկում: Դատարանն ու հետաքննությունն անընդհատ արհամարհում էին հարազատների՝ սպանության փաստի առնչությամբ գործ հարուցելու պահանջը: Սպանության մասին էին վկայում անկախ փորձագետների հավաքած բազմաթիվ ապացույցները: Մի քանի սպաներ ու զինծառայողներ դատապարտվել են «ինքնասպանության հասցնելը» հոդվածով:
Հայկ Խաչատրյան ու բանակում ամենաթողության այլ զոհեր
Զինծառայող Հայկ Խաչատրյանը մահացել է Երևանի հիվանդանոցներից մեկում՝ սուր ջրծաղիկի հետևանքով, որը վնասել էր երիտասարդի ներքին օրգանները: Մահից երկու օր առաջ՝ 2011 թվականի դեկտեմբերի 28-ին, հայրը որդուն լքված վիճակում գտել էր հոսպիտալի սենյակներից մեկում: Բժիշկները հրաժարվել են Հայկին տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց՝ պնդելով, որ բորբոքված էր նրա կույրաղիքը, իսկ ուժեղ ցավերն ու նոպաները բացատրել հիվանդի մոտ առկա հնարավոր էպիլեպսիայով:
Գոռ Քլոյան ու Մարտի 1-ի այլ զոհեր
Քլոյանը մահացել է Երևանի կենտրոնում ցույցը ցրելու ժամանակ ոստիկանության կողմից կիրառված «Չերեմուխա 7» հատուկ միջոցից:
Անմեղ զոհված հայերի հիշատակը հավերժացնելու մեկ այլ նախաձեռնությամբ հանդես է եկել Հայ Առաքելական եկեղեցին, որը հայտարարել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերին սրբերի շարքին դասելու մտադրության մասին:
Յուրի Մ., Epress.am-ի համախմբագիր