Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ինտերնետի ազատության ցուցիչով Հայաստանին դասել է ազատ երկրների շարքին: Այնուամենայնիվ, հեղինակավոր կազմակերպության մասնագետները Հայաստանում առկա մի շարք խնդիրներ են մատնանշել:
Այսօր հրապարակված «Ցանցային ազատություն 2013» զեկույցի համաձայն՝ Հայաստանում ինտերնետին մատչումը վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է: Ինտերնետի ներթափանցման ցուցանիշը 2012 թվականին կազմել է 39 տոկոս՝ 2007-ի 6 տոկոսի համեմատ:
Այնուամենայնիվ, զեկույցի հեղինակները նշում են, որ գյուղերում ու համայնքներում ինտերնետի մատչելիության աստիճանը բարելավելու համար նվազագույն ջանքեր են գործադրվել, իսկ թվային գրագիտության մակարդակը դեռևս ցածր է: Հայաստանի գյուղերում հեռուստատեսությունը լուրեր ու տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրն է:
Freedom House-ը նշում է, որ Հայաստանի կառավարությունը հիմնականում չի խախտում օգտատերերի՝ համացանցում տեղեկատվություն ստանալու իրավունքը:
«Ինտերնետային արգելքի ու ֆիլտրացման միակ նշանակալի դեպքը գրանցվել է 2008 թվականի մարտին՝ հետընտրական իրադարձությունների ժամանակ՝ ընդդիմադիր ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներից հետո, որի հետևանքով 10 մարդ մահացել է, իսկ հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել:
Անվտանգության ծառայությունները պահանջեցին, որպեսզի դոմենների գրանցման հայկական ծառայությունը կասեցնի ընդդիմադիր ու անկախ կայքերի աշխատանքը, ու խնդրեցին, որպեսզի արգելափակվեն որոշ արտաքին ռեսուրսներ, այդ թվում՝ ցանցային հարթակներում ընդդիմության էջերը (մասնավորապես, LiveJournal-ը, որը ընդդիմության ու քաղաքացիական ակտիվիստների կողմից ամենահաճախ օգտագործվող սոցիալական ցանցն էր): Հայաստանի իշխանությունները հետընտրական ճգնաժամին իրենց արձագանքի, ինչպես նաև ինտերնետի արգելափակման համար լուրջ քննադատության արժանացան միջազգային դիտորդների կողմից: 2008 թվականի իրադարձություններից հետո, Հայաստանի իշխանությունները ինտերնետի ազատության հարցում շատ զգույշ են եղել, ու քաղաքական ֆիլտրացման ու արգելափակման դեպքեր այլևս չեն գրանցվել», – նշված է զեկույցում:
Հեղինակները նաև ընդգծում են, որ Հայաստանի կառավարությունը շատ զգույշ է նաև մամուլի ազատության հարցերում ու փորձում է խուսափել ուղղակի ճնշումներից, որոնք կարող են քննադատության արժանանալ միջազգային կազմակերպությունների ու տեղական քաղաքացիական ակտիվիստների կողմից:
Այնուամենայնիվ, թե իշխող քաղաքական էլիտան և թե ընդդիմադիր կողմը որոշակի ազդեցություն ունեն ավանդական ու նոր լրատվամիջոցների վրա: Ըստ ոլորտի մասնագետների և քաղաքացիական ակտիվիստների տվյալների՝ լրատվամիջոցների մեծ մասը կամ կապված է որոշակի քաղաքական կուսակցության հետ, կամ պարբերաբար ֆինանսական աջակցություն է ստանում քաղաքական գործիչների կողմից: Բացառություն են միայն մի քանի լրատվամիջոցները, որոնք ֆինանսավորվում են արտաքին ու միջազգային նվիրատու կազմակերպությունների կողմից:
Freedom House-ի մասնագետները նաև նշում են, որ Հայաստանի բնակչության մեծ մասն ինտերնետն օգտագործում է սոցիալական կայքերից օգտնվելու համար, ինչպես նաև՝ որպես արտասահմանում գնտվող հարազատների հետ ձայնային ու տեսողական շփման մատչելի միջոց:
Չնայած, որ հայաստանցիների մեծ մասը դեռևս լուրեր է ստանում հեռուստատեսային հաղորդումներից, բնակչության հետաքրքրությունը ինտերնետային ռեսուրսների նկատմամբ աճում է, ու առաջատար լրատվական կայքերի ընթերցողների թիվը գերազանցում է առաջատար թերթերի ընթերցողների թիվը: