Home / Հայաստան / «Ժառանգություն»-ը դատապարտում է Փոստանջյանի դեմ սկսված արշավը

«Ժառանգություն»-ը դատապարտում է Փոստանջյանի դեմ սկսված արշավը

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի հանդեպ իշխանությունների սկսած արշավը և քաղաքական հետապնդումները: Այս մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի կողմից տարածած հայտարարության մեջ: Խուրշուդյանը նշում է, որ հետապնդումները, որոնք սկսվել են Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին կազինոյում գումար տանուլ տալու հարցից հետո, անընդունելի են:

«Դիվանագիտության հարցում դասեր տալու փոխարեն (որից իրենք թերեւս անտեղյակ են), իշխանության ներկայացուցիչները պետք է շնորհակալ լինեն, որ գոնե ինչ-որ մեկը հիշեցնում է հասարակության առջև հաշվետու լինելու կարևորության մասին: Եվ եթե նրանք ուզում են Փոստանջյանին զրկել հարց տալու իրավունքից, դրանով է՛լ ավելի են խորացնում բարձրաստիճան պաշտոնյաների՝ մոլեխաղերին տրվելու վերաբերյալ հասարակության մեջ շրջանառվող կասկածները՝ հիմնված ԶԼՄ-ների հաղորդագրությունների վրա: Զարուհու նկատմամբ ձեռնարկված քայլերն ու նրան ուղղված վիրավորանքները փաստորեն շատ ավելի խնդրահարույց են, քան իր հնչեցրած պարզ հարցը:

Բանն այն է, որ ՀՀ հազարավոր քաղաքացիների հուսալքության և արտագաղթի մղող գործողությունները, մասնավորապես, գողացված ընտրությունները, մարդկանց բազմաթիվ այլ իրավունքների խախտումը, մեր ազգային-պետական շահերին հարվածող հայ-թուրքական արձանագրությունները, հիմա էլ՝ Մաքսային միությանը միանալու համաձայնությունը, ըստ էության, հետևանք են ազարտային խաղերի հանդեպ հատուկ մոտեցումների, ընդ որում՝ պետության, նրա ինքնիշխանության, Սահմանադրության և երկրի քաղաքացիների շահերի հաշվին:

Հատկանշական է, որ ԶԼՄ-ների՝ մոլեխաղերին վերաբերող որոշ հաղորդումների բարձրաձայնումը իշխանություններն ավելի ցավագին ընդունեցին, քան կազմակերպված պետական հանցագործության՝ ընտրական կողոպուտի ակնառու փաստի արծարծումը», – նշում է Խուրշուդյանը:

Նշենք, որ ՀՀԿ-ական գործիչներն իրենց վերջին երկու օրվա մեկնաբանություններում նշում են, որ Փոստանջյանի հարցն անընդունելի է և գցում է Հայաստանի վարկը եվրոպական ասպարեզում: Բացի դա, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ ինքը նման հարցին կպատասխաներ «7 հարկանիով»:

«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում, հղում կատարելով իր աղբյուրներին, նշել էր, որ ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչները պատրաստվում են օդանավակայանում ձվերով և լոլիկներով դիմավորել Փոստանջյանին: