Ձերբակալված պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի՝ համաներումից հրաժարվելու մասին որևէ խոսակցություն, անգամ ակնարկ չկա ու չի եղել: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է Ավետիսյանի փաստաբան Վարուժան Ավետիսյանը: Հիշեցնենք, որ Ավետիսյանը ազատամարտիկների պայքարի ղեկավարներից էր, նա մեղադրվում է խարդախության մեջ: Ավելի վաղ տարածած հայտարարության մեջ Ավետիսյանը նշել էր, որ իրեն հետապդնում են իր գործունեության համար, իսկ մեղադրանքը շինծու է:
«Միգուցե ինչ-որ մարդիկ շշուկներ տարածել են, բայց դա հիմք չունի: Վերջին անգամ ես Վոլոդյային տեսել եմ 2 օր առաջ, բայց ինքը նման բան չի ասել: Համենայնդեպս, մեր՝ փաստաբանների ու նրա միջև այդպիսի թեմա չի քննարկվել: Թե հետո ի՞նչ կլինի, ասել չեմ կարող», – նշել է փաստաբանը:
Նշենք, որ երեկ Еpress.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանն ասել է, թե ինքը կհրաժարվեր ու դեմ կլիներ համաներմանը:
«Ի՞նչ է նշանակում՝ ձերբակալել ու հետո ասել, թե համաներմամբ ազատվեց, մինչդեռ այդ պիտակը նրա վրա մնալու է ամբողջ կյանքում: Թող քննությունը տանեն մինչև վերջ, հետո հրապարակավ ներողություն խնդրեն ու վճարեն բարոյական վնասի դիմաց», – ասել էր Մելիքբեկյանը: