Մարտնչող, անարդարության դեմ պայքարող, սկզբունքներ ունեցող մարդիկ ավելի տեսանելի են քաղաքական-սոցիալական ավելի բարդ պայմաններում, բայց հերոս լինելու համար պրոբլեմները պարտադիր չեն: Պայքարողները կան ամենուր՝ եվրոպական զարգացած երկրներում էլ, և պայմանները չեն, որ նրանց հերոս են դարձնում: Նման համոզմունք ունի կինովավերագրող, Սանդենս կինոփառատոնի մրցանակակիր Շոն Մաքալիսթերը, ով իր վավերագրական ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ է անցկացրել Հայաստանում: Իր փորձառությամբ կիսվելու համար Մաքալիսթերը նաև դասընթացներ է անցկացրել Հայաստանում գործող կինոգործիչների, լրագրողների, արվեստագետների համար:
Մաքալիսթերի վավերագրական ֆիլմերը պատմում են մարդկանց կենսակերպի մասին: Նկարահանումները, սակայն, անցնում են այն երկրներում, որտեղ բարդ պայմաններ են ստեղծվել: «Բաղդադի Լիբերաչին» ֆիլմի հերոսը, օրինակ, ապրում է Իրաքում, և նրա հետ նկարահանումներն անցկացվել են Սադամ Հուսեյինի գահընկեց անելուց հետո ստեղծված պատերազմային լարված իրավիճակում: «Ակամա հեղափոխականը» ֆիմլի հերոսը գիդ է, ով ռեժիսորին պատմում է Եմենում ընթացող հեղափոխական գործընթացների մասին:
Մյուս ֆիլմերն անդրադարձեր են Միջին Արևելքի հասարակության և սովորական մարդկանց կյանքին՝ վերջին աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում՝ Արաբական գարնան, իսրայելա-պաղեստինյան հասարակության/ների հատվածավորման, Ճապոնիայում տնտեսական անկման մասին:
«Ես սիրում եմ պատմություններ, որոնք ուժ են տալիս հանդիսատեսին, ոգեշնչում են, որոնք նայելիս մարդիկ ոչ թե դեպրեսիայի մեջ են ընկնում կամ տխրում հերոսի բարդ կյանքը տեսնելով, այլ ովքեր ոգեշնչվում են: Չէ՞ որ հանդիսատեսն էլ կատարյալ պայմաններում չի ապրում, հանդիսատեսը ինչ-որ տեղ նույնականացնում է իրեն հերոսի հետ», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Շոն Մաքալիսթերը:
Մաքալիսթերը պատմում է, որ իր ընտրած հերոսները հաճախ երկար ժամանակ չեն համաձայնում նկարահնումների մասնակցել, որոշ դեպքերում էլ հակառակը՝ օգտագործում են իր խցիկը՝ պատմելու, կիսվելու, շփվելու ու թեթևանալու համար:
Ֆիլմերը հաճախ ոչ պրոֆեսիոնալ խցիկով որևէ անհատի հետ հարցազրույց են հիշեցնում, մինիմում մոնտաժային և այլ կինոմատրոգրաֆիական աշխատանք են կրած լինեում: Սակայն, ըստ Մաքալիսթերի, իր ֆիլմերը լրագրողական գործերի հետ չի կարելի համեմատել, քանի որ դրանք փաստերի մասին չեն, այլ վերհանում են հերոսի էությունը, անհատականությունը:
Ռեժիսորը մտադիր է վերադառնալ Հայաստան՝ ոլորտի հայ մասնագետներին փաստագրական ֆիլմ նկարահանելու աշխատանքում օգնելու համար: Ըստ նրա՝ իսկապես լավ կինո նկարելու համար, «հոլիվուդներ» կամ թանկարժեք տեսախցիկներ պետք չեն, պետք են հետաքրքիր պատմություններ, որոնք, ըստ նրա, շատ կան Հայաստանում: