Home / Հայաստան / Դատախազությունում վհուկների որս է սպասվում. թերթ

Դատախազությունում վհուկների որս է սպասվում. թերթ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը, ով համարվում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հավատարիմ մարդկանցից մեկը, երեկվանից աշխատանքի չի գնում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով, նա մեկնել է արձակուրդ և ամենայն հավանականությամբ, արձակուրդից հետո դատախազություն չի վերադառնա։

Երեկ աշխատանքից ազատվել են նաև գլխավոր առաջին օգնական Սիրեկան Պետրոսյանն ու խորհրդական Հովհաննես Ստեփանյանը։ Երկուսն էլ աշխատանքից ազատվելու դիմում են գրել դեռ նոր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գալուց առաջ, Աղվան Հովսեփյանի պաշտոնանկությունից անմիջապես հետո։ Երեկ, երբ գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանից «ՀԺ»-ի թղթակիցը հարցրել է՝ այլ հրաժարականի դիմումներ եղե՞լ են, նա պատասխանել է. «Եթե լինի, պաշտոնապես կհայտնենք, այս պահին պաշտոնական ոչինչ չկա»։

Հարցին՝ վհուկների որս դատախազությունում սպասվո՞ւմ է, Տոնոյանը պատասխանել է. «Չէ, ի՞նչ վհուկների որս»։  Թերթը, սակայն, նշում է, որ վհուկների որսի՝ համակարգում սպասում են։

«Մինչ այդ արդեն խոսվում է ՀՀ գլխավոր դատախազության լիազորությունների ընդլայնման մասին։ Արդեն ԱԺ-ում է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որով էլ նախատեսվում է դատախազության լիազորությունների ավելացումը», – գրում է թերթը: