Ռուսաստանյան «Իզվեստիա» թերթը «Իրանցի գործարարները փախնում են Վրաստանից» խորագրով հոդված է հրապարակել: Ինչպես թերթին հայտնել է Վրաց-իրանական բիզնես-համագործակցության զարգացման կենտրոնի ղեկավար Մահմուդ Դավան, իրանցի 1,7 հազար գործարարներ արդեն լքել են Վրաստանը՝ փակելով տարատեսական ծրագրեր, իսկ բանկերում սառեցվել է իրանցիների ավելի քան 150 հավիշ:
«Պատճառն այն է, որ հուլիսի սկզբին Վրաստանը միակողմանի կերպով չեղյալ է հայտարարել Իրանի հետ ազատ վիզային ռեժիմը: Թեև Թբիլիսին այս քայլը բացատրել է միգրացիոն քաղաքականությունը կարգավորելու ցանկությամբ, փորձագետները վստահ են, որ այս որոշման հետևում կանգնած է Վաշինգտոնը: Վրաստանի նախկին իշխանություններն իրականացրել են վիզային քաղաքականության առավելագույն ազատականացում: Առանց վիզայի Վրաստան կարող էին մուտք գործել 121 երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ իրանցիները, ինչը առաջացրել էր արևմտյան գործընկերների դժգոհությունը, որոնք կարծում էին, որ Թբիլիսին ի վիճակի չէր վերահսկել անցանկալի անձանձ տեղաշարժը»,- ասված է հոդվածի մեջ:
Միևնույն ժամանակ, «Իզվեստիա»-ն մեջբերում է Վրաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Զուրաբ Գվասալիային, ըստ որի, երբ արտասահմանում տեսան, որ թղթակցային հաշիվների գործառնությունները Վրաստանի միջոցով իրականացնում էին Իրանի քաղաքացիները, դա շատ հարցեր առաջացրեց: Ինչպես նշում է «Իզվեստիա»-ն, Վրաստանը ներկայումս ցանկանում է արևմտյան գործընկերներին համոզել, որ Թբիլիսին հետևում է ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին՝ միջազգային ֆինանսական փոխանցումների առումով:
Վրաստանում Իրանի դեսպանատանը «Իզվեստիային» հայտնել են, որ երկու երկների միջև 120 միլիոն դոլար կազմող առևտրաշրջանառության անկման մասին դեռևս տեղեկություններ չկան: Ներկա պահին իրանցիները կարող են վիզա ստանալ վրացական սահմանը հատելիս: Վրաստանի քաղաքացիները նախկինի պես Իրան այցելում են առանց վիզայի, նշում է «Իզվեստիա»-ն: