Երևանի 59-ամյա բնակչուհի Անահիտ Գեղամյանը պատրաստվում է ինքնահրկիզվել Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, եթե իշխանությունները մինչև երկուշաբթի չվերացնեն այն խոչընդոտները, որոնք իրեն թույլ չեն տալիս գումար վաստակել ընտանիքի 10 անդամներին պահելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Անահիտ Գեղամյանը գործավարական ձեռնարկության ղեկավար է, որը աշխատում է վերջերս Դավիթաշեն տեղափոխված Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության հարևանությամբ։
Կինը պատմել է թերթին, որ գործավարությունը բացելու հենց աոաջին օրվանից՝ սեպտեմբերի 26-ից, իրեն են այցելում թաղապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև անհայտ անձինք, որոնք իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում և ասում, որ ինքը իրավունք չունի այնտեղ աշխատել: Նրանք նշում են, որ եթե ցանկանում է մնալ և աշխատել, ապա պետք է իրենց պատկանող տարածքը վարձակալի և դրա դիմաց վճարի 2000 ԱՄՆ դոլար։
Տեղի ունեցածի վերաբերյալ կինը դիմել է բոլոր հնարավոր կառույցներին, երեք օր առաջ էլ դիմումներ է գրել Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին և Վլադիմիր Գասպարյանին։
«Եթե մինչև երկուշաբթի նրանցից որևէ արձագանք, պատասխան չլինի, եթե այդ մարդիկ շարունակեն մեզ հետապնդել և սպառնալ, մեկ րոպե անգամ չկասկածեք, որ ես հրկիզվելու եմ, որովհետև այսպես հնարավոր չէ շարունակել», – ասել է Անահիտ Գեղամյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում