ՀՀ կենտրոնական բանկի կողմից օրերս հրապարակած արձանագրության մեջ նշվում էր, որ, համաձայն պարենի միջազգային կազմակերպության հաշվարկների, պարենամթերքի միջազգային գները, օրինակ, օգոստոս ամսին, անցած տարվա օգոստոսի համեմատ նվազել են 5.1 տոկոսով։
«Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, Հայաստանում նույն ժամանակահատվածում պարենամթերքը թանկացել է 10 տոկոսով։
Թերթն ընդգծում է, որ ժամանակակից տնտեսագիտության կանոններով՝ սա կարող է ունենալ միայն մի բացատրություն, եթե աշխարհում պարենամթերքը էժանանում է, իսկ Հայաստանում թանկանում, ապա Հայաստանում չկա ազատ մրցակցություն։
«Խնդիրն այն է, որ ազատ մրցակցության պայմաններում Հայաստան ներկրվող պարենամթերքը պետք է էժանանա մոտավորապես այնքան, որքան էժանացել է աշխարհում։ Սակայն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթաղչյանը բոլորովին այլ կարծիքի է։ Նրան խնդրեցինք մեկնաբանել, թե որն է պատճառը, որ Հայաստանում պարենամթերքը թանկանում է։ Գուցե մրցակցության հետ կապված խնդիրնե՞ր կան։ «Չեմ կարծում, որ մրցակցության հետ կապված խնդիրներ կան, որովհետև մրցակցության հետ կապված ցանկացած խնդիր մենք ուսումնասիրում ենք»,– ասաց Ղալթաղչյանը։ և ուրեմն, պարենի միջազգային գների կտրուկ անկման պայմաններում պարենամթերքի կտրուկ թանկացումը Հայաստանում դառնում է դարի տնտեսագիտական հանելուկը», – գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում