Հոկտեմբերի 29-ին կհրապարակվի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ընդդեմ Կարո Եղնուկյանի հայցադիմումի գործով դատարանի վճիռը, հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը:
Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը պատվի արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին հայցով դիմել էր դատարան: Ըստ նրա՝ այս տարվա մայիսի 14-ին «Վարկած» ակումբում Հայրիկյանի ընկեր, իրավաբան Կարո Եղնուկյանը գնահատականներ է տվել իր՝ Վարդան Սեդրակյանի վերաբերյալ քրեական գործի կապակցությամբ և փաստաբանի ասածները հրապարակայնորեն որակել է որպես անբարոյականություն:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Սամվել Թադևոսյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցած դատաքննության ժամանակ Կարո Եղնուկյանն ու իր ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը հայտարարեցին, որ անբարոյականություն են որակվել հայցվորի խոսքերը և ոչ թե անձը, իսկ օրենսդիրը վիրավորանքի համար պատասխանատվություն նախատեսում է միայն այն դեպքում, եթե ասվածն ուղղված է անձի դեմ: Տվյալ դեպքում Կարո Եղնուկյանի ասածն ուղղված չէ կոնկրետ անձի դեմ, նա ընդամենը կարծիք է արտահայտել, ուստի ասվածը չի կարող գնահատվել որպես վիրավորանք: Վիճարկվող արտահայտությունը որպես Եղնուկյանի կարծիք է ներկայացվել նաև լրատվամիջոցների՝ «Ա1+»-ի ու «Առավոտ»-ի հրապարակումներում:
Պատասխանող կողմը հայտարարեց, որ հայցադիմումն անհիմն է, և դատարանին միջնորդեց այն ամբողջությամբ մերժել:
Դատաքննությանը, ինչպես նաև նախնական դատական նիստին, ներկա չէր հայցվոր Սիրունյանը՝ նա դեռևս մինչև նախնական դատական նիստը գրությամբ դիմել էր դատարանին՝ խնդրելով գործը քննել իր բացակայությամբ: