«Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից պահանջում է հետ կանչել 2012թ-ին հոկտեմբերի 20-ին «Ֆորչն Ռիզորսիս» ընկերությանը տրված լեռնահատկացման ակտը, լուծարել նույն թվականին կնքված ընդերքօգտագործման պայմանագիրը և անվավեր ճանաչել «Նագին» ընկերության կողմից «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ին տրված հանքարդյունահանման հատուկ լիցենզիան: Այս մասին հայտնում է Ecolur.org-ը:
Հրազդանի երկաթահանքը պատրաստվում էր շահագործել «Նագին» ՍՊԸ-ն: Հետագայում ընկերությունը շահագործման իր իրավունքը վաճառել է չինական «Fortune Oil» ընկերությանը, որի հայաստանյան ներկայացուցիչը «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ն է:
Խումբը նախարարին էր դիմել նաև այս տարվա օգոստոսի 20-ին և սեպտեմբերի 11-ին, սակայն, ինչպես նշված է նախաձեռնության նամակում, հիմնական հարցադրումները մնացել են անպատասխան:
« … կրկին հնչեցնում ենք հարցը. ի՞նչ հիմնավորմամբ «Նագին» ՍՊԸ-ին տրամադրված հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի կիրառությունը «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով արդյունահանման տրամադրելու (կոնցեսիայի) մասին» օրենքի 32 հոդվածի պահանջների հիմքով 2010 թ-ից չի դադարեցվել:
Ձեր տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրությունից լրացուցիչ պարզվեց, որ սույն լիցենզիան անվավեր է նաև այն պատճառով, որ «Նագին» ՍՊԸ-ն չի ստացել լեռնահատկացման ակտ:
Փաստը հիմնավորվում է վերը նշված օրենքի 21 հոդվածի` օգտակար հանածոյի արդյունահանման համար լեռնահատկացումը տրվում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ միաժամանակ և ընդերքօգտագործման իրավունքի բաղկացուցիչ մասն է, և լիազոր մարմնի ու «Նագին» ՍՊԸ-ի միջև կնքված լիցենզիոն պայմանագրի (N 427 10 մարտ 2009թ. 6.1 կետ). պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից, հանքային իրավունքը ձևավորող փաթեթի առկայությամբ (լիցենզիա, նախագիծ, լիցենզային պայմանագիր, լեռնահատկացման ակտ) կետերի իրողությամբ:
«Նագին» ՍՊԸ-ին տրամադրված հանքարդյունահանման հատուկ լիցենզիան անվավեր ճանաչելու հիմք է նաև Հրազդանի երկաթահանքի շահագործման նախագծում բերված բացահայտ սուտ տեղեկությունը, ըստ որի «Հրազդանի երկաթահանքը գտնվում է Հրազդան քաղաքից 1.5 կմ հյուսիս-արևելք»: Հանքը իրականում գտնվում է Հրազդան քաղաքի կենտրոնում, բնակելի տների հեռավորությունը հանքից չի անցնում 700-800 մետրը: Ավելին, երկրաբանական վերջին ուսումնասիրության համար կնքած N008 պայմանագրի չափորոշիչներով հանքի սահմանների հեռավորությունը բնակելի տներից ու 250 հազ. բնակչի սպասարկող խմելու ջրի աղբյուրներից չի գերազանցում 200-500 մետրը:
Բերված փաստերը հավաստում են, որ «Նագին» ՍՊԸ-ի` Հրազդանի երկաթահանքի շահագործման իրավունքը վկայող փաստաթղթերը անվավեր են և չեն կարող իրավահաջորդության (ինչի հիմքերը ևս բացակայում են) իրավական հիմքով փոխանցվել «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ին»,- մասնավորապես, ասված է նամակում: