ՀՊՃՀ-ում (Պոլիտեխնիկ) դասախոսների աշխատավարձերի անհիմն ու կտրուկ նվազելուն զուգահեռ բուհում նոր փոփոխություններ են սպասվում: Еpress.am-ի հետ զրույցում նման վստահություն է հայտնել 40 տարի համալսարանում դասավանդող ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Ազատ Միրզոյանը: Վերջինս այն դասախոսներից է, ովքեր դժգոհ են բուհի ռեկտոր Արա Ավետիսյանից և պահանջում են նրա հրաժարականը: Դասախոսների դժգոհությունը կապված է թե՛ աշխատավարձերի նվազման, թե դասախոսներին աշխատանքից ազատելու հետ:
Ավետիսյանի նորարարությունների դեմ բողոքող դասախոսների պնդմամբ՝ անձամբ Սերժ Սարգսյանի շուրթերից է հնչել արտահայտությունն այն մասին, թե ոչ մի գործատու իրավունք չունի աշխատավարձի նվազման քայլ կատարել, մինչդեռ ռեկտորը գնացել է այդ քայլին առանց հիմնավորման:
«Մեր ամբիոնում 17 դոցենտ կա, ասում են, թե մայիսին պետք է թողնել 6-7 դոցենտի: Պատկերացրեք, մեր ամբիոնի վարիչի խոսքով՝ «գլադիատորների պայքար կսկսվի»: Բա դա հաստատության ղեկավարի մոտեցո՞ւմ է: Դոցենտը, պրոֆեսորը արժեք են ու չի կարելի նրանց նկատմամբ նման կարգի մոտեցում ցուցաբերել», – ասել է Միրզոյանը:
Նա նշել է, թե Ավետիսյանի մոտեցումը ոչ թե նորամուծություն է, այլև 80 ամյա բուհի վախճանի հիմք:
Ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանն էլ ընդգծել է, թե դժգոհությունների հետ պայմանավորված Ավետիսյանի ստեղծած հաշտեցման հանձնաժողովը ապակողմնորոշում անելու հերթական փուչիկն է՝ «այդ հրամանի մեջ իրեն միայն վերնագիրն է պետք՝ հավանաբար համալսարանից դուրս իր առջև ծառացած խնդիրների լուծման համար, մինչդեռ կոլեկտիվի հետ իրավիճակը շտկելու առումով ոչ մի քայլ չի ձեռնարկում»:
«Հոկտեմբերի 10-ին հրավիրված 4 ժամանոց նիստին մեր կոլեկտիվից մոտ 400 հոգի էր հավաքվել, իսկ մեր ռեկտորը բացի այն, որ թողեց անորոշ վիճակում ու ոչ մի առաջարկ չարեց, նիստի փակումից առաջ հեռացավ դահլիճից»,- ասել է Խաչատրյանը:
Վերջինս ընդգծել է, թե Ավետիսյանը մշտապես կեղծիքների է գնացել և ապատեղեկատվություն է տարածել:
Մասնավորապես, Խաչատրյանի խոսքով, Ավետիսյանը, 34 դասախոս ազատելով աշխատանքից, պաշտոնապես հայտարարել է, որ 4 մարդու է ազատել:
Խնդրի շուրջ մեր թղթակիցը զրուցել է ՀՊՃՀ-ի ռեկտոր Արա Ավետիսյանի հետ, ով նշել է, թե բուհում ընդամենը ներդրվել է աշխատանքի արդար բաշխման համակարգ, որի ընկալումը աշխատակիցների կողմից ամբողջական չէ: Դժգոհությունների հետքերով Ավետիսյանը հանձնաժողով է ստեծել, որը զբաղվելու է աշխատավարձերի խնդրով:
«Ճիշտն ասած՝ [բուհի] վատ սոցիալական վիճակից է ու այդքանով ընդունելի է: Պրոֆմիության ժողովը անցկացնելուց մեր արհմիության հետ հենց հաջորդ օրը որոշում կայացրեցի ստեծել ախատանքային խումբ և ուսումնասիրել բյուջեի վիճակը, պրոֆեսորադասախոսական կազմին առաջարկել բյուջեի ձևավորման և բաշխման այնպիսի մեխանիզմ, որ մենք ի վիճակի լինենք վերականգնել այդ տարբերությունները, որպեսզի աշխատակիցը որևէ դրամ պակաս չստանա», -ասել է Ավետիսյանը:
Նա պնդել է, որ բուհում դասախոսների կրճատումներ չեն եղել:
Ավետիսյանի խոսքով՝ աշխատանքային խումբն այսօր առաջին անգամ պետք է հավաքվեր, մինչդեռ մյուս՝ բողոքող կողմը հայտարարել է, թե հրաժարվում է մասնակցնել:
«Աշխատանքային խմբին հանձնարարված է մինչև նոյեմբերի 1-ը առաջարկություն ներկայացնել ու մեր ընդունած որոշումը կկիրառվի սեպտեմբերի 1-ից՝ աշխատավարձերի վերահաշվարկ, այնպես որ մարդիկ, անցյալ տարվա համեմատությամբ, ըստ տարբերակումների, պակաս չստանան», – եզրափակել է Ավետիսյանը: