ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ առիթ կունենա արտահայտվելու ԵՄ Ասոցացման համաձայնագրի և Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարության հետ կապված պատմության վերաբերյալ, որը հասարակության ոչ միանշանակ արձագանքն է առաջացրել: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Սպասվում էր, որ այդ համաձայնագրերի նախագծերը կհրապարակվեն, և կարելի կդառնա ըստ էության տեսակետ հայտնել հարցի վերաբերյալ: Սակայն դա տեղի չունեցավ, և խոսելու դեպքում ստիպված ես կենտրոնանալ ոչ թե կայացված որոշման, այլ տեղի ունեցած իրադարձության ձևի վրա: Իսկ դրա մասին գործնականում ամեն ինչ ասված է», – ասել է Սողոմոնյանը:
Անդրադառնալով վերջերս շրջանառվող այն տեղեկությանը, թե Գառնիկ Իսագուլյանի նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի երեք նախագահների հանդիպումը, Սողոմոնյանն ասել է.
«Գառնիկ Իսագուլյանի նախաձեռնության ի հայտ գալը անակնկալ էր մեզ համար: Բանն այն է, որ այդ նախաձեռնության մասին հայտարարելու պահից ընդամենը մեկ-երկու օր առաջ պրն Իսագուլյանը հանդիպում և զրույց է ունեցել նախագահ Քոչարյանի հետ, բայց բառ անգամ այդ մասին չի խոսել: Իսկ դրանից հետո հայտարարել է նախագահների հանդիպում կազմակերպելու մտադրության մասին ու Ռոբերտ Քոչարյանի հետ նոր հանդիպման խնդրանքով նամակ է հղել մեր գրասենյակ: Համաձայնեք, որ սա առնվազն անհասկանալի է: Այսպես թե այնպես, մենք չենք պատրաստվում որևէ կերպ արձագանքել Գառնիկ Իսագուլյանի նամակին»: