Երևանի կարմիր գծանշումներով առանձնացված վճարովի ավտոկայանատեղիներից ոչ բոլորն են վճարովի, իր այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Այն փողոցներում, որտեղ «Փարքինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության կողմից ամբողջական կահավորում չի արվել, այսինքն՝ չեն տեղադրվել տեսախցիկներ, կայանելն առայժմ անվճար է։
Թերթի հետ զրույցում փաստը հաստատել է «Փարքինգ սիթի սերվիս»-ի տնօրեն Վազգեն Հարությունյանը։
«Որտեղ կահավորումը թեկուզ մի մասով պակաս է, այնտեղ հսկողություն չենք իրականացնում», – ասել է ընկերության տնօրենը: Նման դեպքերում կայանման դիմաց վճարել-չվճարելը «Փարքինգ սիթի սերվիսը» առայժմ թողնում է վարորդների խղճին։
Թերթը նշում է, որ կահավորված փողոցների ցանկը շուտով 20-ի կհասնի. արդեն կահավորված են Ամիրյան, Տերյան, Չարենց, Մոսկովյան, Սարյան, Բեյրութի, Խորենացի, Գր. Լուսավորիչ, Թումանյան, Իսահակյան փողոցները և Սայաթ-Նովայի պողոտան, շուտով տեսախցիկներ կլինեն նաև Հանրապետության, Վարդանանց, Աբովյան, Ագաթանգեղոսի փողոցներում և Տիգրան Մեծ պողոտայում:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում