Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, հոկտեմբերի 14-ին մերժել է «X-գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի ներկայացրած հայցը՝ ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի և թղթակից Սոնա Գրիգորյանի:
Թերթի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հայցը վերաբերում էր «Ժողովուրդ»-ի 2012թ. դեկտեմբերի 11-ի հրապարակմանը, որում նշվում էր, թե Խաչիկ Խաչատրյանին պատկանող «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել շուկայում:
Խաչատրյանը դատարան էր դիմել՝ պահանջելով գործարար համբավը վիրավորելու համար 3 միլիոն դրամի փոխհատուցում: