Ոստիկանության վերնախավում փոփոխություններ են սպասվում, գրում է «Հրապարակ» օրաթերթը: Թերթը նշում է, որ շրջանառվող լուրերի համաձայն, համակարգի երկարամյա աշխատող, արդեն 10 տարի՝ 2003 թ. հունվարի 1-ից փոխոստիկանապետի պաշտոնն զբաղեցնող, 61-ամյա ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանին պատրաստվում են ուղարկել թոշակի։
Ըստ ՀՀ ոստիկանության մասին օրենքի՝ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող կամ ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողները կարող են ծառայել մինչև 60 տարին լրանալը, և այդ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը, կարող է երկարաձգվել մինչև երեք տարի ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից։
Հովհաննես Հունանյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգված է մեկ տարով։
«Սա նշանակում է, որ շուտով վրա է հասնելու կարիերայի մայրամուտը։ Մեր տեղեկություններով, այս պաշտոնի համար Վովա Գասպարյանը թեկնածուներ է փնտրում։ Արդեն շրջանառվում են մի շարք անուններ, որոնց թվում ամենահավանականը համարվում է Լոռու մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի թեկնածությունը։ Երեկ խոսվում էր նաև, որ պաշտոնանկ է արվելու ոստիկանապետի տեղակալ Սաշիկ Աֆյանը»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում