Սևանա լճի ջրահավաք ավազանի մեջ մտնող Դարանակ գետի վրա փոքր ՀԷԿ կառուցումը ոչ միայն մեծ վտանգ է ներկայացնում լճի էկոհամակարգի, էնդեմիկ ձկնատեսակների պահպանման համար, այլև կասկածի տակ է դնում Դարանակ գյուղի բնակչության հետագա ապրուստի հարցը: Այս մասին գրում է Ecolur.org կայքը՝ նշելով, թե բնակիչների եկամուտի միակ աղբյուրը անասնապահությունն ու հողագործությունն է:
«Զրկվելով ջրից` նրանք ստիպված կլինեն հեռանալ գյուղից: Գյուղի միակ ջրային աղբյուր հանդիսացող գետում ջուր այժմ քիչ կա, քանի որ գետավազանի ջրային ռեսուրսների կառավարումը տեղի է ունենում կամայականորեն: Փաստորեն, գետը վերածվել է առվակի: Այս պայմաններում՝ առանց գետի անձնագրային որեւէ տվյալների. էկոլոգիական թողք, հոսք, գետի վրա կառուցվում է ՓՀԷԿ, որը պետք է վերցնի գետի ջրի 1/3 մասը», – նշում է կայքը:
Կայքը տեղեկացնում է, որ ՓՀԷԿ-ի նախագիծը ներկայացված է KfW գերմանական զարգացման բանկի ֆինանսավորմանը:
Չնայած որ բանկը դեռևս չի հաստատել նախագիծը, այնուամենայնիվ, «Դարանակ» փոքր ՀԷԿ-ի շինարարությունը ակտիվ գործընթացի մեջ է: Շինհրապարակում կարելի է տեսնել խողովակներ, շինարարական տեխնիկա:
Խնդրի շուրջ Еpress.am-ի թղթակցի զրուցել է Դարանակի համայնքապետի հետ, ով զարմացած ասել է, թե ինչպես կարող է պակասել գետի ջուրը, երբ այնտեղով միշտ նույն ծավալի ջուր է հոսում:
«Գետում ձուկ չկա, գյուղացիներն էլ չեն տուժում, ընդհակառակը՝ օգտվում են, աշխատատեղ են բացում: Ոչ մի վնաս չկա մեր գյուղին, ես կողմ եմ, որ ժողովորդը աշխատի՝ 15-ը աշխատում են, հետո 7-ը հիմնական են մնալու», – ասել է համայնքապետ Վլադիմիր Մովսիսյանը:
Բնապահպանական խմբի կազմում Դարանակ մեկնած լրագրող Թեհմինե Ենոքյանը մեր թղթակցին պատմել է, որ այս հարցի շուրջ գյուղի բնակիչների կարծիքները տարբեր են՝ և ՀԷԿ-ն են ուզում, և որ ջուրը չպակասի:
«Գրեթե բոլորն էլ երաշխիք են պահանջում, որ ՀԷԿ-ի կառուցումից հետո ջրի խնդիր չեն ունենա: Կանանցից մեկն էլ հայտարարել է, թե առանց այն էլ իրենց գյուղը խմելու ու ոռոգման ջրի խնդիր ունի, և եթե զրկվի ջրից, ապա ինքը իր ձեռքով կոտրելու է բոլոր խողովակները», – պատմել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ հանդիպմանը ներկա KfW գերմանական զարգացման բանկի պատասխանատուները զգուշացրել են, որ եթե ՀԷԿ-ի ղեկավարությունը փորձի խախտել պայմանագրի կետերից որևէ մեկը՝ մասնավորապես գյուղացիներին զրկի ջրից, ապա իրենց կողմից կդադարեցվի «Դարանակ»-ի ֆինանսավորումը: