ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կայացած կառավարության նիստին անդրադարձել է պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտների մոնիթորինգին և դրանք ավարտին հասցնելու անհրաժեշտության խնդրին:
«Մենք մեր քաղաքացիների որոշ խմբերի սոցիալական բնակարանով ապահովելու պարտավորություն ունենք: Եվ շատ ավելի մատչելի կլինի, եթե ավարտին հասցնենք անավարտ շինարարությունը, այլ ոչ թե զրոյից նոր շինարարություն սկսենք: Եթե կան այդպիսի անավարտ օբյեկտներ, ապա նպատակահարմար է դրանց վրա գումար ներդնել: Նույնը վերաբերում է նաև մասնավոր հատվածի անավարտ շինարարությանը: Կան շենքեր, որոնք արդեն 10 տարուց ավելի է, ինչ անավարտ վիճակում են, և մենք չենք կարող անտարբեր նայել, թե այդ շենքերն ինչպես են քայքայվում: Արդեն պետք է որոշում կայացնենք, թե ինչ ենք անելու, եթե մասնավորը պարտավորություն է ստանձնել շենքը հասցնել ավարտին ու ավարտին չի հասցնում. դրա հետևանքով բազմաթիվ հանրային խնդիրներ են առաջանում: Այդ հարցերը պետք է քննարկել, լուծումներ առաջարկել, ի՞նչ տույժ, տուգանք կարելի է կիրառել, կամ դատական գործընթաց սկսել», – ասել է Սարգսյանը: