Home / Հայաստան / Դե Վաալ. «Օկուպացված տարածքները Ղարաբաղի մասը չէին ու հայկական բնակչություն չունեին»

Դե Վաալ. «Օկուպացված տարածքները Ղարաբաղի մասը չէին ու հայկական բնակչություն չունեին»

Թոմաս դե Վաալը Ղարաբաղի մասին «Սև այգի» գիրքը գրել է 10 տարի առաջ, սակայն այսօր էլ այն շարունակում է մնալ «սառեցված» հակամարտության մասին ամենահետաքրքիր, հակասական ու հայտնի աղբյուրներից: Գիրքը, հակամարտության անմիջական մասնակիցներ Հայաստանից ու Ադրբեջանից բացի, պատմում է նաև Ղարաբաղի հարցում Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի դերի մասին: Այս մասին ասված է «Ամերիկայի ձայնը» կայքի հրապարակման մեջ:

Այս տարի գիրքը վերահրատարակվել է New York University Press հրատարակչության կողմից: Գրքի ու տարածաշրջանում ներկայիս իրավիճակի մասին Թոմաս դե Վաալը պատմել է Կոլումբիայի համալսարանի Հարրիմանի ինստիտուտում. «Ես Ղարաբաղում եղել եմ 10 անգամ, ու տեղի բնակիչները փորձում են ցույց տալ, անգամ, հնարավոր է, չափազանց համառորեն, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է: Լեռնային Ղարաբաղը զարմանալիորեն հանգիստ վայր է: Եթե այնտեղ կորցնեք ձեր հեծանիվը, ինչ-որ մեկն այն ձեզ կվերադարձնի կես ժամ անց: Նրանք ստեղծել են բազմաթիվ ֆունկցիոնալ կառույցներ ու նախարարություններ՝ չնայած այն բանին, որ նրանց ոչ ոք չի ճանաչում: Նրանք ցանկանում են ցույց տալ, որ պետություն են ստեղծել՝ իբր կոչ անելով մոռանալ հակամարտության մասին: Բայց դա միֆ է: Մակերեսին ամեն ինչ հանգիստ է, բայց եթե լավ նայենք, կտեսնենք թե հակամարտությունը, թե դրա գործած վնասը»:

Գիրքը հեղինակի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած 10 այցելությունների ու Հյուսիսային Կովկասում, Մոսկվայում ու Վաշինգտոնում ավելի քան 120 շարքային բնակիչների, պաշտոնյաների ու փորձագետների հետ ունեցած հարցազրույցների արդյունքն է: Դե Վաալը բացահայտում է հակամարտության պատմական համատեքստը, թե ինչպես է այն նպաստել Խորհրդային Միության փլուզմանն ու տարածաշրջանում քաոսի հանգեցրել: Անցել է շուրջ 20 տարի այն պահից, երբ Երևանն ու Բաքուն համաձայնեցին հրադադար կնքել 1994 թվականին, բայց կողմերը մինչ այժմ չեն հարթել իրենց տարաձայնությունները: Թոմաս դե Վաալը, սակայն, կարծում է, որ ստատուս քվոն չի կարող հավերժ տևել, քանի որ այս հակամարտությունը տարբերվում է, օրինակ, Կիպրոսի ու Թուրքիայի միջև հակամարտությունից:

«Սա ավելի բարդ խնդիր է, քան Կիպրոսը, քանի որ այստեղ առկա են օկուպացված տարածքներ: Դրանք երբեք չեն եղել Ղարաբաղի մասն ու երբեք չեն ունեցել հայկական բնակչություն. մինչ հակամարտությունը դրանք Ադրբեջանի մասն էին կազմում: Ադրբեջանը կարող է ինչ-որ չափով փոխել իր վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հանդեպ, բայց երբեք չի հրաժարվի այդ տարածքներից: Ահա թե ինչու ստատուս քվոն չի կարող երկար պահպանվել»,- ասել է դե Վաալը:

Գրքի նոր հրատարակությունում առկա է ընդլայնված վերջաբան, որը ենթադրում է՝ հակամարտությունը կարող է կարգավորվել: Գիրքը նաև պատմում է մինչև 2012 թվականը տարածաշրջանում աշխարհքաղաքական զարգացման մասին, այդ թվում՝ երկրներում նոր նախագահներ ընտրելու, Ադրբեջանի նավթային ոլորտում գրանցված աճի, ինչպես նաև զպառազինություններն ընդլայնելու մրցավազքի մասին:

Իր գրքում դե Վաալը հիշեցնում է, որ հակամարտության կարգավորման պայմանները՝ «Մադրիդյան սկզբունքները»,  կազմավորվել են դեռևս 2007 թվականին: 2007-ի դեկտեմբերին դրանք ՄԱԿ-ի քարտուղարի կողմից ներկայացվել էին ԵԱՀԿ-ին: Իսկ 2009 թվականի հուլիսին «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ նախագահներ Բարաք Օբաման, Դմիտրի Մեդվեդևն ու Նիկոլյա Սարկոզին հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին՝ Իլհամ Ալիևին ու Սերժ Սարգսյանին, կոչ էին անում «հարթել առկա որոշ տարաձայնություններն ու ընդունել համաձայնությունը՝ ըստ հիմնական սկզբունքների»:

«Մադրիդյան սկզբունքները» ներառում են հետևյալը. Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները վերադարձնել Ադրբեջանի վերահսկողության տակ, ճանաչել Լեռնային Ղարաբաղի՝ անվտանգություն ու ինքնավարություն ապահովող միջանկյալ կարգավիճակը, ստեղծել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, իրավական պարտավորությունների միջոցով վերջնականապես սահմանել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, բոլոր փախստականներին ու վերաբնակներին իրավունք տալ վերադառնալ իրենց տները, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք ներառում են խաղաղապահ ուժեր:

«Թղթի վրա այս ամենը հիանալի տեսք ունի,- նշել է դե Վաալը: – Հարցն այն է՝ արդյո՞ք առկա է բավարար քաղաքական կամք, որպեսզի այս ամենն իրականություն դառնա»:

Մինչ այժմ «Մադրիդյան սկզբունքերի» հիման վրա բանակցությունները ոչնչի չեն բերել, ու ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանն ամբողջովին դրանց չեն համաձայնել:

ԱՄՆ ու Ռուսաստան: մոտեցումը Լեռնային Ղարաբաղի խնդրին

Դե Վաալի կարծիքով՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը թեև ցանկանում է կարգավորել այս հակամարտությունը, սակայն ԱՄՆ-ում գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ ուժեր, որոնք գտնվում են «բաժանարար գծի» տարբեր կողմերում:

«Կոնգրեսի մի մասը սիրում է Ադրբեջանը՝ Աֆղանստան տանող Հյուսիսային բաշխիչ ցանցի պատճառով, ինչը Ադրբեջանին դարձնում է շատ օգտակար ռազմական գործընկեր,- կարծում է դե Վաալը: – Իսկ Կոնգրեսի մյուս մասը սիրում է Հայաստանը, քանի որ ԱՄՆ-ում ուժեղ հայկական լոբբի կա»:

Փորձագետը, սակայն, կարծում է, որ 2014 թվականից հետո Ադրբեջանի նշանակությունը որպես գործընկեր կնվազի, քանի որ ԱՄՆ-ն դուրս կգա Աֆղանստանից: Հայաստանն էլ հետզհետե կկորցնի իր ազդեցությունը, քանի որ հայկական լոբբիի համար ամենակարևոր հարցերից մեկը՝ հայերի ցեղասպանությունը, աստիճանաբար տեղափոխվելու է անցյալ ու կորցնի կարևորությունը ԱՄՆ-ի համար:

«Այնպես որ, 2014 թվականից հետո ԱՄՆ-ն կարող է մանևրելու համար ավելի մեծ տարածություն, հակամարտության երկու կողմերի վրա ազդելու ավելի շատ հնարավորություններ ունենալ, եթե, իհարկե, ԱՄՆ-ն ցանկանա դրանց վրա ազդել»,- նշում է դե Վաալը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նրա վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հանդեպ փոխվել է վերջին 20 տարիների ընթացքում: Դե Վաալի կարծիքով՝ Կրեմլում գոյություն ուներ մրցակցություն՝ Միխայիլ Գորբաչովն Ադրբեջանին տեսնում էր որպես երկիր, որը ցանկանում էր մնալ Միության մեջ, իսկ Բորիս Ելցինը որպես դաշնակից տեսնում էր Հայաստանին: Արդյունքում, 1990-ականների վերջին Ռուսաստանն ավելի շատ ընդունեց հայկական կողմը: 1990-ականներին կարծիք կար, թե Ռուսաստանը ցանկանում էր, որ այդ հակամարտությունը շարունակվի՝ իր ազդեցությունը պահպանելու ու այն որպես լծակ օգտագործելու համար: Այսօր մեկ այլ կարծիք էլ կա:

«Ռուսաստանի գործարար էլիտան ցանկանում է իր կապերն ու հաղորդակցությունը  տարածել հարավում՝ Թուրքիայում ու Իրանում,- ասել է դե Վաալը: -Կան ռուսաստանցիներ, որոնք հայկական անշարժ գույք ունեն, օրինակ՝ երկաթուղիներ: Հիմա նրանք դա համեմատում են «Լեգո» խաղալիքների հետ՝ ամեն ինչ այնքան բաժանված է: Բայց հենց սահմանը բացվում է Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, երկաթուղին մեծ արժեք է դառնում, այն կարելի է օգտագործել»:

Դե Վաալը հիշեցրել է, որ Դմիտրի Մեդվեդևն իր նախագահության ժամանակ այդ հակամարտությունը ցանկանում էր կարգավորել սեփական հեղինակության համար: Իսկ նախագահ Պուտինի համար այդ հարցն այնքան էլ կարևոր չէ:

«Իմ կարծիքով՝ Ռուսաստանն այստեղ իր ազդեցությունն ունի, բայց, կարծում եմ, այն ավելի քիչ է, քան Աբխազիայում կամ Մերձդնեստրում»,- ասել է դե Վաալը:

Թոմաս դե Վաալի «Սև այգի» գիրքը թարգմանվել է ռուսերեն, հայերեն ու ադրբեջաներեն լեզուներով: 10 տարիների ընթացքում հայերն ու ադրբեջանցիները այն տարբեր կերպ են կարդացել:

«Հայերը շատ բծախնդիր ընթերցողներ են,- պատմել է հեղինակը: – Նրանք կապվում են ինձ հետ ու նշում, որ ես այս կամ այն էջում օգտագործել եմ այս կամ այն ածականը: Իսկ ադրբեջանցիները 10 տարի առաջ պարզապես գոհ էին, որ ես գրել էի իրենց երկրի մասին: Բայց հիմա, երբ տարածաշրջանում իրենց երկրի կարգավիճակն աճել է, նրանք գիրքը սկսել են ավելի քննադատորեն կարդալ: Այսինքն, տարածաշրջանում իրենց աշխարհքաղաքական դիրքի փոփոխությունից կախված՝ արձագանքը փոխվում է»: