Եվրոպայի խորհրդարանի՝ Արևելյան գործընկերության երկրներին վերաբերող բանաձևը, որում անդրադարձ կար նաև ղարաբաղյան հակամարտությանը, հրապարակվել է 15 օր առաջ, իսկ Հայաստանի իշխանությունները դրան հակազդելու համար, ինչպես միշտ, առաջ են մղել իրենց մունետիկներին՝ թեման հասարակությունում բացելու նպատակով: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նշելով, որ տվյալ դեպքում մունետիկի դերում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ հղած Զորի Բալայանը:
Նրա խոսքով՝ Արևելյան գործընկերության վերաբերյալ հայտարարությունը առաջին անգամ Հայաստանին ոչ ձեռնտու ձևակերպում է պարունակում, այն է՝ «Արևելյան գործընկերության մեկ պետության կողմից մեկ այլ պետության տարածքի զավթում»:
ՀԱԿ պատգամավորի կարծիքով՝ սա Եվրախորհրդարանի պատասխանն է իշխանությունների կողմից 4 տարի Եվրամիության հետ բանակցելու, սակայն արդյունքում Մաքսային միությունն ընտրելու որոշմանը:
Արամ Մանուկյանը մտավախություն է հայտնել, որ նման պայմաններում երկրի ղեկավարությունը կարող է զոհաբերել ԼՂՀ-ն՝ իր իշխանությունը պահելու համար:
Բանաձևի Ղարաբաղին առնչվող հարցի մասին այսօր ԱԺ-ում խոսել է նաև ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Epress.am-ի թղթակիցը հարցրել է նրան՝ արդյո՞ք Եվրախորհրդարանի հայտարարությունը կարելի է որպես Հայաստանի նկատմամբ պատժամիջոց դիտարկել:
Վարդանյանը նման հայտարարությունը բնական է համարել, քանի որ Եվրոպայի կողմից Հայաստանը դիտվելու է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միության համատեքստում: Պատգամավորի խոսքով՝ այդ հարցը տարբեր հարթակներում օգտագործվելու է թուրքական և ադրբեջանական լոբբիների կողմից:
Ըստ Վարդանյանի՝ Եվրախորհրդարանի կողմից առաջ քաշված նման հայտարարության առկայությունն ապացուցում է, որ Հայաստանի որոշումը միանալ Մաքսային միությանը ճիշտ էր, և ընդդիմությունը (նկատի ունի ՀՅԴ-ն – խմբ.) պետք է պաշտպաներ իշխանություններին արտաքին քաղաքականության հարցերում:
Խնդրին անդրադարձել է նաև ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով ընդգծել է, որ հնարավոր է հայտարարությունը տարածելիս թյուրիմացություն է եղել: Զոհրաբյանի խոսքով՝ ինքը կապվել է ԵԽ-ի իր գործընկերների հետ՝ խնդրելով մեկնաբանություններ տրամադրել, որից հետո էլ պատրաստ կլինի քննարկել խնդիրը:
Սակայն, ԲՀԿ-ականի խոսքով, եթե թյուրիմացություն չի եղել, ապա դա ԵԽ-ի պատասխանն է սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությանը, համաձայն որի, Հայաստանը պատրաստ է անդամագրվել Մաքսային միությանը: