Սահմանի վրա զինադադարի խախտման վերջին դեպքերը, հավանաբար, կապված էին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների, նաև նոր Պաշտպանության նախարարի նշանակման հետ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նկատելով, որ նման դեպքերը հիմնականում համընկնում են քաղաքական իրադարձությունների և միջազգգային հանդիպումների հետ:
Անդրադառնալով ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործին, Սեյրան Օհանյանն ասել է, որ հետապնդումը կապ ունի ոչ թե Ավետիսյանի քաղաքական գործունեության հետ, այլ անձնական գործունեության հետ: Նախարարի խոսքով՝ ինքը մինչ ձերբակալումը երկու անգամ հանդիպել էր ազատամարտիկին, փորձել էր ուղղություն ցույց տալ՝ ինչպես հասնել հարցերի լուծմանը: Ըստ Օհանյանի՝ Ավետիսյանը խախտել է հանդիպման ժամանակ ունեցած պայմանավորվածությունը: Օհանյանը կրկին պնդել է, որ ամեն դեպքում Ավետիսյանի հանրային գործունեությունը կապ չունի ձերբակալության հետ:
2014 թվականի պետբյուջեով պաշտպանության ոլորտին հատկացվող գումարների աճի մասին հարցին պատասխանելով՝ Օհանյանն ասել է, որ գումարը հատկացվելու է աշխատավարձերի բարձրացման, ինչպես նաև տեխնիկական սպառազինության համար: