Այսօր «ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի երկխոսությունը՝ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ և հետո» խորագրով գիտաժողովի ժամանակ Ստեֆան Բատորիի անվան հիմնադրամի ներկայացուցիչ Յակուբ Բենեդուչակը ներկայացրել է, թե վիզաների ազատականացման հարցում Արևելյան գործընկերության որ երկրներն ինչ առաջընթաց են գրանցել, հայտնում է Aravot.am-ը:
Նրա խոսքով՝ «Երկխոսության հարցում առաջինը Մոլդովան է, երկրորդը՝ Ուկրաինան, հաջորդը՝ Վրաստանն ու Հայաստանը: Վրաստանն ավելի լավ դիրքեր ունի՝ կապված կոռուպցիայի դեմ պայքարի հետ, իսկ Հայաստանը՝ փախստականների հետ կապված հարցերում: Բելառուսը միակն է, որ ստացել է բավական շատ առաջարկներ՝ սկսելու երկխոսությունը, բայց չի արձագանքել դրան»:
Յակուբ Բենեդուչակը նաև նշել է, որ Հայաստանը դեռ չի ստացել վիզաների ազատականացման գործողությունների պլանը՝ ի տարբերություն Վրաստանի, բայց ՀՀ-ն առանց դրա մի շարք քայլեր է արել նախօրոք:
«Սա մեծ առավելություն է, որը պետք է հաշվի առնել: Շատ բան է արվել կոռուպցիայի դեմ պայքարում, ունեք կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, անցկացնում եք թրեյնինգներ: ԵՄ-ում, այնուամենայնիվ, նկատում են կոռուպցիայի բարձր մակարդակ՝ ձեր պաշտոնյաների շրջանում»,- ասել է Բենեդուչակը: