ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Մինչ այդ նա գտնվում էր արձակուրդում, գրում է Aravot.am-ը:
Սոնա Տռուզյանը 2006 թվականից գլխավոր դատախազի մամուլի քարտուղարն էր, իսկ 2012 թվականի դեկտեմբերից` խորհրդականը:
Ինքը՝ Տռուզյանը, Aravot.am-ին ասել է, որ տեղափոխվում է այլ աշխատանքի: Հարցին, թե որտե՞ղ է աշխատելու, Սոնա Տռուզյանը պատասխանել է. «Այդ մասին կհայտնեմ հրամանը լինելուց հետո»:
Լրագրող, մամուլի նախկին քարտուղար, նախկին խորհրդականի մասին շրջանառվում են լուրեր, թե նա աշխատանքի է անցնելու նախագահականի ՊՈԱԿ-ում կամ Աղվան Հովսեփյանի գլխավորած նորաստեղծ քննչական կոմիտեում:
Հիշեցնենք, որ Սոնա Տռուզյանը հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել նրանից հետո, երբ Մարտի 1-ից անմիջապես հետո լրագրողներին հայտնել էր, որ «մարտի 1-ին ոչ մի կրակոց չի եղել, հրազեն չի օգտագործվել»: Հետագայում պարզ դարձավ, որ մարտի 1-ի զոհերից մի քանիսի մահվան պատճառը հրազենային վնասվածներն են եղել:
Լուսանկարը՝ Aravot.am