Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, թե չի կարող գուշակի դեր ստանձնել և ասել՝ արդյոք Հայաստանը՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո, Եվրամիությունից կստանա եվրաինտեգրման համար հատկացվող ողջ գումարը:
Զոհրաբ Մնացականյանն անընդհատ կրկնել է, որ Եվրոպայի հետ հարաբերությունները պետք է համապատասխանեցնել ներկայիս իրավիճակին:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատել է, որ Հայաստանը 2 անգամ ավելի շատ ապրանքաշրջանառություն ունի Եվրոպայի հետ, քան Ռուսաստանի, և որ վերջին տարիներին օրենսդիրները մի շարք նորմատիվ ակտեր են ընդունել՝ համապատասխանեցնելու հայաստանյան օրենսդրությունը ԵՄ-ի ստանդարտներին: Պատգամավորի հարցին՝ արդյո՞ք այժմ էլ օրենսդրությունը պետք է համապատասխանեցնել Մաքսային միությանը, փոխնախարարը պատասխանել է, որ հնարավոր է՝ լուրջ փոփոխությունների կարիք չլինի:
«Միգուցե, այդ երկու համակարգերն իրար չեն հակասում: Դեռևս վաղ է հստակ լինել այդ հարցում», – նշել է նա:
Մաքսային միության շուրջ մի շարք հարցերի, այդ թվում՝ ԼՂՀ-ի հարցի հետ կապված, Մնացականյանը հրաժարվել է պատասխանել՝ նշելով, որ այդ ոլորտի համար պատասխանատու չէ, քանի որ այդ գործընթացներով ինքն անձամբ չի զբաղվում:
Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի