Հոկտեմբերի 31-ին ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության անդամները ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի (լուսանկարում) հետ քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հետագա հնարավորությունները:
Ինչպես ասված է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության հաղորդագրության մեջ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Եվրոպական միության հետ Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրի ստորագրման ձախողման պատճառը համարել է Հայաստանի իշխանությունների կողմից բանակցային գործընթացի ոչ կոմպետենտ վարումը, ինչի հետևանքով մի գործընթաց, որը պետք է նպաստեր տարածաշրջանում ԵՄ-ի և Ռուսաստանի շահերի ներդաշնակմանը, վերածվեց՝ նրանց շահերի միջև կոնֆրոնտացիայի:
Զուրաբյանը կոչ է արել Եվրոպական միությանը ավելի հետևողական և վճռական լինել ժողովրդավարական համերաշխության հարցում և գիտակցել, որ լուրջ համագործակցությունը Հայաստանի և ԵՄ-ի միջև հնարավոր չէ, եթե Հայաստանի իշխանությունների կողմից չեն հարգվում հիմնարար ժողովրդավարական ազատությունները և մարդու իրավունքները, չբացահայտված են մնում Մարտի 1-ի սպանությունները, Հայաստանում ընտրությունների կեղծման ծավալը ուղիղ այնքան է, որն ապահովում է իշխանության մշտական վերատադրումը, հեռուստատեսությունը շարունակում է մնալ իշխանությունների կոշտ վերահսկողության ներքո:
Նշվել է նաև, որ Հայաստանի և ԵՄ-ի համագործակցությունը պետք է զարգանա առաջին հերթին ժողովրդավարական արժեքների ընդհանրության շուրջ, և ապագա բանակցությունները պետք է տեղի ունենան Հայաստանի լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ: