հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Արկածախնդրությո՞ւն, թե՞ ժողովրդի ցանկություն. տպագիր մամուլը՝ Շանթ Հարությունյանի երթի մասին

Արկածախնդրությո՞ւն, թե՞ ժողովրդի ցանկություն. տպագիր մամուլը՝ Շանթ Հարությունյանի երթի մասին

Հայկական տպագիր մամուլն այսօր տարբեր կերպ է արձագանքել երեկ Մաշտոցի պողոտայում կասեցված Շանթ Հարությունյանի երթին:

Մասնավորապես, «Ասեց ու արեց» առաջնորդողում «Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ Հարությունյանը և նրան սատարող մի քանի տասնյակ մարդիկ «ինքնապաշտպանական առարկաներով՝ փայետորվ, քարերով և ճայթրուկներով «զինված», երթի դուրս եկան դեպի նախագահական նստավայր՝ Սերժ Սարգսյանին հեռացնելու նպատակով»:

«Սակայն դեռ չէին լքել Ազատության հրապարակի տարածքը, երբ Մաշտոցի պողոտայի մոտ իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, եղան պայթյուններ, ծեծ, բռնություն: Արդյունքում 37 հոգի բերման ենթարկվեց: Երեկ արդեն տարբեր գնահատականներ էին հնչում կատարվածի մասին: Մեծ մասամբ Շանթ Հարությունյանի գործողությունը որակվում էր որպես արկածախնդրություն…

… Բոլորի ուշադրությունը, սակայն, ուզում ենք հրավիրել հանգամանքին, որ Հարությունյանը պարզապես կյանքի է կոչել այն, ինչի մասին տարիներ շարունակ մտածում է ՀՀ քաղաքացիների, մեղմ ասած, ճնշող մեծամասնությունը», – գրել է թերթը:

«Հրապարակ» օրաթերթը նշում է, որ «երեկ օրվա «հերոսը» Շանթ Հարությունյանն էր»:

«Ճիշտ է՝ նրա իրականացրած հեղափոխությունից հետո 37 մարդ հայտնվեց ոստիկանությունում, նրանց մի մասը հայտնի չէ, թե երբ ազատության մեջ կհայտնվի, բայց հեղափոխական վիճակը կատարյալ էր: Իրեն՝ հեղափոխության «առաջնորդին», ասում էին, որ տարել են ոչ թե ոստիկանություն, այլ՝ հոգեբուժարան», – համարի առաջնորդողում գրում է թերթը:

«Ժողովուրդ» օրաթերթը ««Հեղափոխականին» չհաջողվեց հասնել Բաղրամյան 26» հոդվածում նկարագրում է երեկ տեի ունեցած դեպքերը և ամփոփման մեջ նշում.

«Թե ում «աջակիցներն» էին այս ամենի հետևում, առայժմ դժվար է ասել, սակայն տեղի ունեցածը լուրջ ահազանգ է, որ քաղաքական ուժերը և ընդհանրապես երկրի վիճակով մտահոգ մարդիկ հասկանան, որ եթե ՀՀ-ում իրավիճակը չփոխվի, նման «պոռթկումները» և ուղղորդված սադրանքներն առաջիկայում ակտիվ բնույթ կկրեն»:

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը դեպքերին նվիրված «Հեղափոխություն՝ առանց «քաղաքացիական ակտիվիստների» հոդվածում փորձում է պարզել, որն է եղել երեկվա վիճակի առանձնահատկությունը:

Հոդվածագիրը նշում է, որ Շանթ Հարությունյանը  բոլոր իրավունքներն ունի հեղափոխական շարժում սկսելու և իրեն շարժման ղեկավար հռչակելու համար: Բայց դրանից զատ, թերթը կարևորում է քաղաքացիական ակտիվիստների պահվածքը՝ նշելով, որ վերջին մեկ-երկու տարում առողջ ու անկեղծ մարդկանց նախաձեռնությունները ինչ-որ շրջանակների թեթև ձեռքով վերածվում են անլուրջ ու անհասկանալի ակցիաների, և դրանք՝ իրենց անլրջությամբ և թեթևությամբ, դառնում են քաղաքական օրակարգի առաջնային քննարկվող նյութը:

«Այսինքն՝ հայտնվեցին մարդիկ, որոնց «արհեստական պայմաններում աճեցրել էին» նախագահականում և նրանց ներգրավումը շարժումներում ոչ միայն կարող էր վանել նորմալ քաղաքացիներին, այլ նաև Բաղրամյան 26-ում ծրագրված դեպքերի որոշակի սցենար ապահովել:

Երեկվա իրադարձությունների ժամանակ ակտիվ էին այն «քաղաքացիական ակտիվիստները», որոնք «աճեցվել» են նախագահականում, ովքեր բացառապես հայտնվել էին այն «պրոցեսների» մեջ, որոնք մշակված են եղել Բաղրամյան 26-ում…

Որպեսզի հեղափոխական նախաձեռնությունները «օրորոցում չխեղդվեն», ուրեմն օր առաջ պետք է պայքար սկսել «քաղաքացիական ակտիվիստ» կոչված տեսակի դեմ», – գրում է թերթը: