Եղվարդ-Երևան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված և կասկածյալի կարգավիճակում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանի գործով առկա է փորձագետների եզրակացություն: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Փաստաբանների դպրոցի նախագահ, դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ փորձագետների եզրակացությունը պատրաստ էր երեկ, սակայն քննիչն իրենց եզրակացությանը չի ծանոթացրել, թեև պարտավոր էր անել: Ավելին՝ իրենք նաև գրավոր միջնորդություն են ներկայացրել, որպեսզի քննիչը տրամադրի օրենքով նախատեսված փաստաթղթերը, այդ թվում՝ փորձագետների եզրակացությունը:
Առկա է նաև փաստաբանի՝ ձերբակալման որոշման մասին ներկայացրած բողոքի պատասխանը, որը դեռևս իրեն չի հասել:
Ըստ փաստաբանի՝ այսօր պետք է որոշվի՝ արդյոք Վարդան Պետրոսյանին մեղադրանք են առաջադրելու և կալանավորելու են, թե ոչ:
Նիկոլայ Բաղադասրյանը տեղեկացրել է, որ այսօր քննիչին բացարկ են ներկայացնելու և այն հանձնելու են համայնքի դատախազին՝ ֆիքսելով բոլոր խախտումները:
«Անիմաստ է դարձել իր հետ աշխատել, անկազմակերպ քննություն է, տպավորություն է, թե չեն կարողանում քննություն իրականացրել»,- ասել է փաստաբանը՝ հիշեցնելով, որ երեկ քննիչը հեռացել էր՝ անավարտ թողնելով հարցաքննությունը:
Ինչ վերաբերում է վթարին, Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ մյուս կողմը լրատվամիջոցներում հակասական բաներ է պատմում: Մասնավորապես, տուժողներից մեկի ընկերուհին պատմել էր, թե իրենք մոտեցել էին խաչմերուկին, սպասում էին՝ մեքենան գա անցնի, իրենք մտնեն: Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ այդ տարածքում չի կարող նման բան լինել, քանի որ ճանապարհը միակողմանի է:
Մյուս վարկածը, թե հետևի ապակուց տեսել են, որ Վարդանի մեքենան արագ է մոտենում, փաստաբանը ևս անհավանական է համարել, քանի որ այդ հատվածում ճանապարհը թեթևակի կորություն ունի, և ֆիզիոլոգիապես հնարավոր է գնահատել հետևից եկող մեքենայի արագությունը և կանգնել, որ նա անցնի: Նիկոլայ Բաղդասարյանի փոխանցմամբ՝ լուրեր են շրջանառվում, թե իրենց մեքենան փչացած է եղել և կանգնած է եղել ճանապարհցի դուրս, իսկ վթարը եղել է ճանապարհի բանուկ մասում: