ՀԱԿ խմբակության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կոչ է արել ԱԺ-ին դեմ քվերակել Կառավարության առաջարկած բյուջեի նախագծին և հետ ուղարկել այն, քանի որ նախագիծը հակասահմանադրական է: Ըստ Բագրատյանի՝ բյուջեում չկա եկամուտային մաս, չի նախատեսվում ստվերի և կեռուպցիայի դեմ պայքար, այն դեպքում երբ երկրում ստվերը կազմում է 39-51%: Պատգամավորի խոսքով՝ այս հարցի բաց լինելը բյուջեն դարձնում է «կաղ, թոփալ, միոտանի»:
«Սահմանադրության 76 և 83.1 հոդվածն ասում է՝ հաստատել օրենքով բյուջեի եկամուտների ձևավորումը: Այսինքն՝ ոչ միայն մենք պետք է հաստատենք հարկ առ հարկ եկամուտները, այլ ձևավորումը ցույց տանք, աճը ցույց տանք: Երեկ ես ֆինանսների նախարարին հարց տվեցի ու սխալվեցի, որ ասացի, թե հազար էջ բյուջեի մեջ մեկ էջ է եկամուտները. մի էջ էլ չի՝ վեց տող է: Եթե այդ փաստաթղթերի մեջ այլ տող կա եկամուտների մասին, եկեք ասենք»,- ասել է Հրանտ Բագրատյանը՝ այս անգամ դիմելով Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին:
Բագրատյանը նաև հարցրել է տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսավորման մասին:
«Ամբողջական բյուջեից միայն 25 տոկոսն է սեփական: Ո՞վ է Ձեզ թույլ տվել խախտել Սահմանադրությունը նորից: Դրա համար էլ հա նայում են, անկախ նրանից, թե ինչպես են ընտրվել, Երևանն իրենց փող կտա՞, թե՞ ոչ»,- հարցրել է Բագրատյանը:
Ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն ասել է, թե եկամուտների հետ կապված խնդիրը իրենք քննարկել են հանձնաժողովի համատեղ նիստերում, որոնց Բագրատյանը չի մասնակցել:
Ըստ Մինասյանի՝ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեն ևս քննարկվել է համատեղ նիստերում, որոնց ժամանակ հնչել է մի պատասխան, թե համակարգի ուղղակի կիրառումը կհանգեցներ նրան, որ գումարների ճնշող մեծամասնությունը կկուտակվեր Երևանի բյուջեում և «լավ բանի չէին հանգեցնի»:
«Շնորհակալություն Ձեր ազնվության համար: Դուք ուզում եք ասել, որ Սահմանադրության 106 կետը չի իրականացվում: Շնորհակալություն, որ ազնվորեն ասում եք՝ այդ դեպքում փոխեք Սահմանադրությունը: Դուք, փաստորեն, բացահայտ ասում եք, որ տեղական ինքնակառավարման մարմինները բյուջե չեն ունենալու: Գոնե շնորհակալ եմ, որ ազնվորեն ասացիք»,- պատասխանել է Բագրատյանը: