Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին նախօրեին «Русский Репортёр» ամսագրի հետ զրույցում հայտարարել էր, որ ադրբեջանցիներն ու հայերը կռվում են հողի համար, իսկ հողը ոչ ոքի պետք չէ: «Մենք ձեզ հետ դժբախտության ընկերներ ենք: Ոչ Պուտինը, ոչ Ալիևը հողի տերերը չեն. նրանք հարստության տերեր են, նավթային ղեկավարներ»,- հայտարարել է գրողը:
Նրա խոսքով՝ եթե այսօր ադրբեջանցիների շրջանում հանրաքվե անցկացվի, ապա ճնշող մեծամասնությունը կողմ կլինի հայերի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Haqqin.az-ի հետ զրույցում Այլիսլին մեկնաբանել է իր վերջին հարցազրույցը՝ նշելով, որ չի վախենում իշխանությունների կողմից հնարավոր ճնշումից:
«Ես անձամբ հայերին թշնամիներ չեմ համարում: Ես բազմիցս հայտարարեմ եմ, որ ինձ մտահոգում է տիրող իրավիճակը, ու միշտ հայերի ու ադրբեջանցիների միջև խաղաղության կողմնակից եմ եղել: Ես չեմ վախենում: Իշխանություններն ինձ արդեն զրկել են ժողովրդական գրողի կոչումից ու ճնշում գործադրել ընտանիքիս վրա. ես այլևս վախենալու պատճառ չունեմ: Ինձ համար ամենակարևորը երկու ժողովուրդների միջև խաղաղության հասնելն է»,- նշել է Այլիսլին:
Նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ ադրբեջանցիները հայերի հետ կռվում են հողի համար, սակայն այն ոչ ոքի պետք չէ. «Իսկապես, ներկայումս հողի նկատմամբ վերաբերմունքն այլ իմաստ է ստանում: Ուստի, իմ կարծիքով, ժողուրդների միջև լարվածությունը կախված չէ նրանից՝ ում է պատկանում այդ հողը: Խնդիրն այստեղ ավելի խորն է: Կարծում եմ՝ ադրբեջանցիներն ու հայերը կրկին կապրեն խաղաղության մեջ, եթե քաղաքական գործիչները չխանգարեն նրանց»:
Այլիսլին հայտարարել է, որ իրեն հայրենասեր չի համարում:
«Որտե՞ղ եք տեսել՝ գրողը հայրենասեր լինի: Նա պետք է գրի այն ամենը, ինչ իրեն հուշում են նրա միտքն ու սիրտը: Ազգայնականությունն ու հայրենասիրությունը ստեղծագործ մարդուն հատուկ չեն: Գիտե՞ք, թե Ջալիլ Մամեդղուլիզադեն 1990 թվականին իր հոդվածներից մեկում հայերի մասին ինչ էր գրել: Նա գրում է, որ Այլիս հայկական գյուղ այցելության ընթացքում ինքը մարդկանց դեմքերին երջանկություն է տեսել, իսկ փողոցներում՝ մաքրություն ու քաղաքակրթություն: Վերադառնալով ադրբեջանական գյուղեր, սակայն, միայն լաց ու խոշտանգումներ է տեսել: Ինչո՞ւ ոչ ոք Մամեդղուլիզադեին չի մեղադրում հայրենասիրության բացակայության մեջ ու չի ոչնչացնում նրա հուշարձանները: Քանի որ նա մեծ գրող է ու գրել է այն, ինչ տեսել է և ինչպես տեսել է»,- հայտարարել է Այլիսին: