Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր է դեկտեմբերի 7-ին մասնակցել Կիևի «Եվրամայդանին»։ Այս մասին ՈՒՆԻԱՆ-ին հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր, «Եվրոպական ժողովրդական կուսակցության» փոխնախագահ Յացեկ Սարիուշ-Վոլսկիի օգնական Յոհաննա Բեքերը։ Եվրամայդանին մասնակցելու նպատակով Ուկրաինայի մայրաքաղաք կժամանան նաև ինքը՝ Սարիուշ-Վոլսկին, ու Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը։
«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները փոփոխությունների հույս են ներշնչում: Հասարակությունը կողմ է Ուկրաինայի եվրոպական կուրսին և դեմ է եվրոպական երազանքներն ու ձգտումները խլող իշխանությանը»,- հաղորդագրության մեջ նշել է Սարիուշ-Վոլսկին։
Ըստ պատգամավորի՝ եվրաինտեգրման օգտին պայքարող ուկրաինացիներին Եվրախորհրդարանում ամենից շատ աջակցում է հենց «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը»։
«Ուկրաինայի հասարակությունը, Եվրամայդանին մասնակցելով, իր համար ճանապարհ է հարթում դեպի Եվրամիություն»,- նշել է «Եվրոպական ժողովրդական կուսակցության» փոխնախագահը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին այն բանից հետո, երբ իշխանությունը «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից մեկ շաբաթ առաջ հայտարարեց եվրաինտեգրման դադարեցման մասին։
 Epress.am Լուրեր Հայաստանից
Epress.am Լուրեր Հայաստանից