Եղանակային պայմաններից ելնելով` երեկվանից փակ է Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը: Այս մասին հայտնում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը՝ հորդորելով վարորդներին այդ ճանապարհով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Երեկ Հայաստանի տարածքում տեղացած առատ ձյան պատճառով փակ են նաև մի շարք այլ միջպետական և միջհամայնքային ճանապարհներ, դեկտեմբերի 8-ին գրանցվել է մեքենաների արգելափակման մի քանի դեպք։
Մասնավորապես, ինչպես հայտնում է ՀՀ ԱԻ նախարարությունը, Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհին ձնաբքի պատճառով ստեղծված արգելափակումից դուրս է բերվել 22 մեքենա, իսկ Սոթք-Քարվաճառ ճանապարհին 10 ավտոմեքենա։ Այս հատվածում դեռևս երկու բեռնատար գտնվում է արգելափակման մեջ, աշխատանքները շարունակվում են։
Փրկարարները արգելափակումից մեքենաներ են դուրս բերել նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի մոտից, ինչպես նաև Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտ անցնող Մ-3 միջպետական ճանապարհից։