Հայկական ինտերնետային կայքերում մարդու իրավունքների լուսաբանման դիտարկումը երկու խնդիր է վերհանում։ Առաջին խնդիրն այն է, որ ԶԼՄ-ները հիմնականում անդրադառնում են մարդու իրավունքների ոտնահարումներին Երևանում, մինչդեռ մարզերում ծագող խնդիրներին անդրադարձը չնչին է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Սոցիոսկոպ» ՀԿ-ի համանախագահ Էվելինա Գյուլխանդարյանը։ «Սոցիոսկոպը» eTV-ի համար օնլայն ԶԼՄ-ների մշտադիտարկում է իրականացնում, որի առաջին հատվածի արդյունքները ներկայացվել են նախորդ շաբաթ։
Համաձայն օգոստոսից – հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում անցկացված մշտադիտարկման, ՄԻ ոլորտին վերաբերող նյութերի միայն 8 տոկոսն է անդրադառնում մարզերում տեղի ունեցած դեպքերին: Դիտարկման ենթարկված 9 էլեկտրոնային կայքերում՝ epress.am, hetq.am, tert.am, lragir.am, news.am, azatutyun.am, galatv.am, aravot.am, Ilur.am, Արագոծոտնի և Արարատի մարզերին ընդհանրապես անդրադարձ չի եղել։ Ամենաշատը՝ 14 հոդված, վերաբերել են Լոռու մարզում մարդու իրավունքների խախտումներին։
Երկրորդ խնդիրն այն է, որ ԶԼՄ-ները մարդու իրավունքերի մասին գրում են, երբ դրանք խախտվում են որևէ հանրային միջոցառման ժամանակ, օրինակ, քաղաքացիական ակցիաների ընթացքում, մինչդեռ հետաքննություններ քիչ են արվում:
Ըստ հրապարակված հետազոտության՝ 1004 հոդվածներից ամենաշատ թվով հոդվածները՝ 368, վերաբերել են պետական կառույցների կողմից մարդու իրավունքների խախտումներին։ Երկրորդ առավելագույն թվով հոդվածները վերաբերել են ցույցերի և հավաքների ընթացքում մարդու իրավունքների խախտումներին (251 հոդված):
Գյուլխանդանյանը նշել է նաև, որ լրատվություն մատուցելիս լրատվամիջոցները հիմնականում չեզոք են եղել, որևէ դիրքորոշում չեն հայտնել:
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։