Դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների համար անցկացված երթը, կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ անցկացվող ակցիաները վկայում են, որ հասարակության մեջ սեփական իրավունքների համար պայքարի էներգիան սպառված չէ։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Գրառման մեջ Բագրատյանն անդարդարձել է նաև, իր բնորոշմամբ, մեր երկրի համար երկու ամենակարևոր հարցերին՝ Մաքսային միությանն անդամակցելուն և կենսաթոշակային կուտակային համակարգին։
Բագրատյանի կարծիքով՝ կուտակայինի մասով ՀՀ կառավարությունը չի ցանկանում իր սխալն ընդունել, այսպես ասած, «ինադու» «ռեֆորմներ» են անում։
«Բա որ ՄՄ եք գնում, այս կուտակայինն ի՞նչ մեղքս է։ ՌԴ-ն հետաձգել է։ Իսկ դուք ինչո՞ւ եք համառում։ Թե՞ սրանով ուզում եք երեսներդ «պարզերես» անել Արևմուտքի առաջ, իբր թե, տեսե՛ք, ինքնուրույն ենք, մի քիչ փող կբերենք ձեր տնտեսության մեջ ներդնելու համար»,- գրել է Բագրատյանը:
ՄՄ-ին միանալու համատեքստում Բագրատյանը գրել է նաև էներգետիկ համակարգի մասին։
«Հիմա նույն էներգետիկայում խնդիրներ կան։ Երկիր զարգացնել կնշանակի նախևառաջ ապահովել էներգետիկան։ 1993-1996թթ վերագործարկեցինք ատոմակայանը, կառուցեցինք լրացուցիչ գազատար Վրաստանում, Իրանի հետ նախաձեռնեցինք և ստորագրեցինք գազամատակարարման ու էլեկտրամատակարարման պայմանագիր։ Իսկ հիմա՞։ Ատոմակայանի շահագործումը պետք է դադարեցվի։ Նորը չկա։ Անհասկանալի է, Իրանից գազ կարո՞ղ ենք բերել, թե՞ ոչ։ Էներգետիկայի նախարարն այս ամենի մասին չի կարողանում հոդաբաշխ խոսք ասել։ Անհասկանալի է, որ եթե քամու կամ արևի կայան կառուցվի, դրա արտադրած էլեկտրաէներգիան էլեկտրոցանցերը կգնե՞ն: Սլովենիան վերջին 10 տարում տասնյակներով քամու և արևի կայաններ կառուցեց, մի քանի անգամ կրճատեց իր կախվածությունը բնական գազի ներմուծումներից։ Մենք դա կար՞ող ենք անել»,- գրել է Բագրատյանը: