2014 թվականի հունվարի 1-ից 11 հազար բնակչություն ունեցող Մեծամոր քաղաքում դադերելու է գործել միակ ծննդատունը և ծննդաբերելու համար հղիները մեկնելու են Արմավիր։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է «Մեծամոր» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի ղեկավար Հարություն Զուռնաչյանը։
Նա նշել է, թե էնդոկրինոլոգիական բաժանմուք բացելու արտոնագրի հայտ են ներկայացրել, և տարեվերջից ծննդատան փոխարեն կբացվի այդ բաժանմունքը։
«Հաշվի առնելով ծնունդների նվազումը՝ կառավարությունն օպտիմալացրեց հիվանդանոցն, ու գործառույթները հանձնվեցին «Արմավիր» բժշկական կնետրոնին։ Որպեսզի աշխատողները չտուժեն՝ տեղում գործելու է մարզային էնդոկրինոլոգիական ստացիոնար բաժանմունքը, որը սպասարկելու է ամբողջ մարզի բնակչությանը։ Նշենք, որ շաքարային դիաբետով հիվանդների թվի կտրուկ աճ է նկատվում, ուստի անհրաժեշտություն կար բացել նման բաժանմունք», – ասել է Զուռնաչյանը։
Մեր զրուցակիցը նշել է, որ Մեծամորում ծնունդների թիվը կրճատվել է հատկապես վերջին տարում «261 ծնունդ՝ 2013 թվականի հունվարի1-ից մինչև նոյեմբերի 1-ը։
Զուռնաչյանը դժվարացել է պարզաբանել՝ կոնկրետ ինչի հետ է կապված ծնելիության նվազումը, և ընդգծել է, թե խնդիրը տարածված է ամբողջ հանրապետությունում։
«Արտագաղթն է պատճառը, թե սոցիալական պայմանները՝ հստակ ասել չեմ կարող, բայց նվազումն ակնհայտ է», – եզրափակել է Զուռնաչյանը։