Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվեց 11 տարվա, իսկ քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը 10 տարվա ազատազրկման, հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը։
Գործով երրորդ ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանն էլ դատարանի դատավճռով դատապարտվեց 4 տարվա ազատազրկման։ Այդպիսով, դատարանը հիմնավորված համարեց Ավետյանի հոր սպանությունը նախապատրաստելու համար առաջադրված մեղադրանքը։
Ըստ մեղադրանքի՝ Արսեն Ավետյանը, իմանալով, որ հայրը՝ Ռոբերտ Ավետյանը, իր առանձնատան հաշվառումից հանել է նրան ու որդուն, առանձնատանն ու մյուս գույքին տիրանալու շահադիտական դրդումներով՝ ծրագրել է իր հոր սպանությունը՝ «հանցավոր համաձայնության» գալով Արկադի Վարդանյանի հետ, ստացել սպանության այլընտրանք չլինելու և բարոյահոգեբանական առումով արդարացված լինելու հարցում վերջինիս հավանությունը:
Վարդանյանն առաջարկել է կամրջից ցած կամ գետը նետելու տարբերակը, սակայն ընտրությունն, ըստ մեղադրական եզրակացության, կանգ է առել հոգեմետ նյութերի մեծ չափաբաժնով ծնողին թունավորելու՝ Արսեն Ավետյանի առաջարկի վրա՝ մշտապես հոր կողմից օգտագործվող հանքային ջրում այն լուծելու եղանակով:
Հոգեմետ դեղամիջոց ազալեպտինի 3 հաբ Արսեն Ավետյանը ձեռք է բերել իր ծանոթ, ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանի միջոցով: Վերջինս այն ձեռք էր բերել հոգեբուժական դիսպանսերում հաշվառված հիվանդ Էդուարդ Ասատրյանի օգնությամբ, ով պատահաբար նստել էր իր տաքսի ավտոմեքենան: Ավելի ուշ Ավետյանը խնդրել է կրկնապատկել հաբերի թիվը, սակայն, ըստ մեղադրականի, հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ ամբաստանյալներից անկախ պատճառներով, քանի որ «Ազգային անվտանգության մարմինները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպքը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը հրապարակել էր քրեական գործում առկա նյութեր, համաձայն որոնց Արկադի Վարդանյանին և Արսեն Ավետյանին սկսել են հետևել՝ կասկածելով, որ նրանք պետական հեղաշրջում են նախապատրաստում և որոշել են պայթեցնել ՀՀ բարձրաստիճան ղեկավարներին։
Մանրամասները՝ Pastinfo.am-ում