Home / Հայաստան / Բջջային օպերատոր․ Ավելի լավ է եզդիները ինտեգրվեն հայերի մեջ, քան հակառակը

Բջջային օպերատոր․ Ավելի լավ է եզդիները ինտեգրվեն հայերի մեջ, քան հակառակը

Վերջին երկու տարվա մեջ արդեն 2-3 անգամ է՝ զանգահարում եմ բջջային օպերատորին, որպեսզի այլևս չստանամ գովազդային, շնորհավորական, Էջմիածնից, ՀՀ ԱՆ-ից և ուրիշ անպետք էսեմես-հաղորդագրություններ։

Նախորդ անգամ օպերատորն ասաց․ – Ի՞նչ վատ բան կա, օրինակ, Ամանորի և Սուրբ Ծննդյան շնորհավորանքի մեջ։ – Ոչինչ, բայց բջջայինից օգտվողը կարող է, ասենք, չհետևել քրիստոնեական տոմարին, նշել եզդիական, կաթոլիկ, բողոքական տոները կամ անտրամադիր լինել։

Էսեմեսները դադարեցվեցին մասամբ․ զատիկ-թոքախտ-վարդավառները պրծան՝ մնացին կոշիկ-խանութ-զեղչերը։ Զանգեցի նորից․ «Ձեր խոսակցությունը ձայնագրվում է․․․եթե կանխավճարային եք, սեղմեք մեկ, եթե․․․ 2, 3, 4» ու այդպես 40 րոպե շարունակ։ Վերջապես ընկա։ Խոսում եմ և զուգահեռ իրենց կայքն եմ նայում․

– Ես չեմ ցանկանում գովազդային էսեմեսներ ստանալ։ Այս հարցով արդեն մի քանի անգամ զանգել եմ։ Ես կապից օգտվելու համար գումար եմ վճարում, իսկ դուք, իմ համարը գովազդատուներին բաժանելով, ինձ վրա լրացուցիչ փող եք աշխատում։

– Ձեր հաղորդագրություններն անջատված են, իսկ խանութներին պետք է առանձին-առանձին գրենք։ Կարող է մեկ ամիս տևել։

– Օկ, շնորհակալ եմ։ Իմիջիայլոց, ձեր կայքում նշված է, որ «ՎիվաՍել-ը ավելի քան 2 միլիոն հայերի ընտրությունն է»։ Չհայերը չե՞ն կարող օգտվել կապից։

– Նման բան չկա։ Որտե՞ղ եք տեսել։ Մենք բազմաթիվ օտարերկրացի բաժանորդներ ունենք։

– Ձեր կայքում։ Ես եզդի եմ և․․․

– Դուք արդեն մեր մասնիկն եք դարձել։

– Մենք ձեր, թե՞ դուք մեր։

– Ավելի լավ է դուք մեր՝ մենք շատ ենք։

Յուրի Մանվելյան