ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի լսել օրեր առաջ ՀՀԿ-ական պատգամավորների, մասնավորապես, Առաքել Մովսիսյանի (մականունը՝ Շմայս) կողմից ԱԺ-ում լրագրողների հասցեին հնչեցրած հայհոյանքները։ Սահակյանն այս մասին ասել է մամուլի ասուլիսի ժամանակ, երբ լրագրողներից մեկը հետևյալ հարցն է տվել․ «Երբ եք պատրաստվում, խորհրդարանի բառապաշարով ասած, հաստավիզ կազյոլներին սիկտիր անել խմբակցությունից ու արդյո՞ք կուսակցությունը մնացել է դրանց նմանների հույսին»։
Նշենք, որ երկու օր առաջ Առաքել Մովսիսյանն ԱԺ-ում ակցիա անցկացնող լրագրողներին անվանել է «կապիկներ» և կոչ է արել նրանց «սիկտիր» անել դահլիճից, իսկ մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը լրագրողներին «կազյոլներ» է անվանել։
Սահակյանը խորհուրդ է տվել կարդալ «մամուլի աշխատողների» հայհոյանքները և ընդգծել, թե՝ «խոսք կա, որ կարող է մարդուն կաթվածահար անել»։
«Յուրաքանչյուրն իր լեքսիկոնն ունի, իր ձևն ունի։ Երբ շատերն օտար լեզուներ էին սովորում, հստակ անգիր էին անում, այդ պատգամավորները (նկատի ունի Առաքել Մովսիսյանին) Արցախում էին, և երբ նրանք հետ դարձան, էդ հնարավորությունը չունեին [օտար լեզուներ սովորելու], մինչդեռ նրանց երակներում ազնիվ հայի արյուն է հոսում», – ասել է Սահակյանը։
ՀՀԿ- խմբակցության ղեկավարը նաև ասել է, թե «մեկն էլ հասարակության մեջ խոսում է ղզիկի ձայնով, հիմա դատապարտե՞նք էդ մարդուն, թե խի՞ ա ղզիկ»։
Սահակյանը խոստովանել է, որ ի տարբերություն բարձրաձայն հայհոյողների, իր հայհոյանքները մտքում է շարադրում։
«Երբ ուզում եմ հակադարձեմ, ինքս իմ մեջ ամփոփում եմ ու դարձնում գրական հայերեն», – եզրափակել է Սահակյանը։