Հանրապետականը ընդամենը ժպտում է, որովհետև համախմբման, պրոֆեսիոնալիզմի բացակայության պատճառով դեկտեմբերի 23-ին ընդդիմությունը չկարողացավ վերջնականապես ընդհանուր, համատեղ գործունեություն ծավալել։ Խոսելով ԱԺ-ում գազային համաձայնագրի քվեարկությունը ոչ կոալիցիոն ուժերի (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանգություն) կողմից բոյկոտելու մասին՝ նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան։ Նրա խոսքով՝ «շատ են վախենում ՌԴ-ից, դրա համար չեն քվեարկել»։
Անդրադառնալով վերոնշյալ ուժերի՝ մանդատները վայր դնել-չդնելու հարցին` Սահակյանը նշել է, թե «մանդատները խաղալիք չեն»։
«Վայր չեն դնի, դա պոռթկումով հայտարարություն էր, որովհետև պատկերացնո՞ւմ եք, եթե բոլորը վայր դնեն, ապա ըստ ընտրական օրենսգրքի ամբողջ խորհրդարանը կլինի Հանրապետական։ Սովորաբար նրանք են այդպես արտահայտվում, ովքեր հուզական են վերաբերում քաղաքականությանը։ Մանդատը տվել է ժողովուրդը, նա էլ հետ կվերցնի», -ասել է խմբակցության ղեկավարը։ Նշենք, որ խորհրդարանում բացի ՀՀԿ-ից իշխանական կոալիցիայի մեջ է մտնում նաև ՕԵԿ-ը, ինչն անտեսվել է Գալուստ Սահակյանի պատասխանում։
Հարցին, թե նշված օրը ոչ իշխանական պատգամավորների որոշ ելութներից հետո «ճիվաղ» ասելով հատկապես ո՞ւմ է նկատի ունեցել Սահակյանը` վերջինս պատասխանել է․
«Իմ ասելուց հետո ով պատասխաներ՝ նա էլ կլիներ ճիվաղը։ Նկատի ունեի նրանց, ովքեր բարբառում էին, իրենց այլաբարո խոսքերով անպատվում էին կառավարությանը, անպատվում էին Հանրապետականին, երկրի նախագահին։ Եթե մարդը մարդուն կարող է դավաճան անվանել, պարզապես նա ճիվաղ է՝ ով ուզում է լինի։ Ով է թույլ տվել, որ կարծիքի համար մարդու դավաճան անվանեն։ Էն էլ էն մարդիկ են դավաճանությունից խոսում․․․ հլը նայեք ամբողջ արցախյան շարժումը, ո՞ւր էին այդ ժամանակ դրանց գեները»։
Հարցին՝ «իսկ որտեղ էին դրանց գեները», բանախոսը պատասխանել է՝ «որոնում եմ, որ գտնեմ»։