ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ է ստացել Գյումրիից այն մասին, որ Գյումրիի զինվորական կոմիսարիատում ավելի քան 50 զորակոչիկ և նրանց հարազատներ առավոտյան ժամը 9:30-ից սպասում են դրսում՝ սառնամանիքին՝ բուժզննություն անցնելու նպատակով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանց համար չեն ապահովվում պայմաններ՝ ներսում սպասելու համար:
«Զորակոչիկները և նրանց ուղեկցող հարազատները շարունակաբար արժանանում են մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, իսկ համապատասխան անձինք մնում են անպատիժ:
Վերստին պահանջում ենք ՀՀ պաշտպանական գերատեսչությունից՝ հարգել յուրաքանչյուր զորակոչիկի իրավունքն ու արժանապատվությունը, սահմանել հստակ ժամանակացույց բժշկական հետազոտությանը զորակոչիկների ներկայանալու համար, անհնարինության դեպքում ապահովել համապատասխան պայմաններ զորակոչիկների և նրանց հարազատների համար», – ասված է իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:
Նշենք, որ դեկտեմբերի 20-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զորակոչիկներին դրսում սպասեցնելու ևս մեկ դեպքի մասին էր գրել, որը վերաբերում էր Աբովյանի զինկոմիսարիատին։