Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կենսաթոշակի անցնելու կապակցությամբ 2014 թվականին հրաժեշտ է տալու մարզպետի պաշտոնին։ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետի աթոռին տիրանալու համար մրցապայքարի մեջ են մտել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը՝ Նովոն։
Թերթն ընդգծում է, որ վերոնշյալ թեկնածուները ամուր հենարաններ ունեն հայաստանյան էլիտայում։
«Ռուբեն Խլղաթյանի խնամին` Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, նախկին Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է` Նեմեց Ռուբոն։ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին սատարում է հարազատ հայրը՝ Աժ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը։ Իսկ Նահապետ Գևորգյանի հաղթաթուղթը համարվում է վերջին տասնամյակում տեղի ունեցած համապետական ընտրություններում տարաբնույթ ընտրակեղծիքներով ՀՀԿ-ին արջի ծառայություն մատուցելը։
Թե «հայտ» ներկայացրածներից ում նախապատվություն կտա Սերժ Սարգսյանը հիմա՝ դժվար է ասել։ Մանավանդ որ տարին նոր է մեկնարկել, ու կապված Մաքսային միությանն անդամակցելու հետ չպետք է բացառել քաղաքական արենայում նոր դեմքերի ու դիրքորոշումների ի հայտ գալը», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում